Ռուսաստանցի եւ չինացի գիտնականները բացահայտել են կոնաձեւ խխունջների` մարդու համար ծովի ամենավտանգավոր բնակիչներից մեկի նեյրոտոքսինի կառուցվածքը, որը հնարավոր է որպես հիմք օգտագործել արագ ազդող անզգայացնողների համար:
«Ստացված տեղեկությունը, թե տոքսիններն ինչպես են ճանաչում որոշակի ռեցեպտորները, օգտագործվում է նոր տեսակի ցավազրկողների մշակման համար: Դրանք արդեն կիրառվում են, բայց բավականին նեղ` կլինիկական ծանր դեպքերում, այդ թվում` ուռուցքային», — հայտնել է Վիկտոր Ցետլինը Մոսկվայում ՌԳԱ-ի Կենսաքիմիայի ինստիտուտից:
Երբ կոնաձեւ խխունջների մոտով ձուկ է լողում, նրանք նետում են «հարպունը», որը թույնը մտցնում է զոհի մարմնի մեջ: Կակղամորթի ապագա «ճաշը» գործնականում վայրկենապես կաթվածահար է լինում:
Ամերիկացի գիտնականները վերջերս պարզել են, որ խխունջի որսի գաղտնիքը նրա թույնի երկու բաղադրիչներն են` արագ գործող նեյրոտոքսինը, որը սպանում է զոհին, եւ ինսուլինի հատուկ տարբերակը, որը ձկան մարմինը կաթվածահար է անում բառացիորեն հազարերորդական վայրկյանի ընթացքում այն բանի շնորհիվ, որ մկանների եւ ուղեղի բջիջները վայրկենապես զրկվում են սննդի գլխավոր աղբյուրից` արյան մեջ շաքարի մոլեկուլներից: Կոնաձեւ խխունջների թույնն այնպիսի ուժ ունի, որ կարող է ոչ միայն ձկների սպանել, այլեւ մարդ:
Ցետլինն ու իր գործընկերները բացահայտել են թույնի երկրորդ «մարտական մասի»` ալֆա կոնոտոքսինի գաղտնիքը` նրա մոլեկուլային կառուցվածքն ի հայտ բերելով ռենտգենային բյուրեղագրության մեթոդների օգնությամբ:
Միաժամանակ գիտնականներն ուսումնասիրել են ալֆա կոնոտոքսինի կառուցվածքը ոչ միայն նրա «նորմալ» վիճակում, այլեւ այն AChBP սպիտակուցին կապելուց հետո. սա նյարդային բջիջների այն ռեցեպտորների վերջերս բացահայտված նմանակն է, որոնք վնասվում են կակղամորթների եւ այլ թունավոր նյութերի թույնից: Դա ռուսաստանցի կենսաբաններին եւ նրանց գործընկերներին թույլ է տվել հասկանալ, թե կոնաձեւ խխունջների թույնն ինչպես է արգելափակում նյարդերում ազդանշանների փոխանցումը:
Գիտնականները գրում են, որ AChBP սպիտակուցն իր կառուցվածքով նման է յուրահատուկ պտտվող խաղալիքի` հինգ թերթիկով, որոնց շարժումները արգելափակում են կոնոտոքսինի մոլեկուլները` շարվելով նրանց միջեւ:
Տեղեկություններն այն մասին, թե ալֆա կոնոտոքսինն ինչպես է «կառչում» այդ թերթիկներից, Ցետլինի խոսքով, գիտնականներին կօգնի հասկանալ, թե կոնոտոքսինների այլ տեսակները, որոնց ընդհանուր թիվը գերազանցում է հարյուրը, ինչպես են ազդում նեյրոնների տարբեր տեսակների վրա եւ ստիպել, որ դրանք արգելափակեն միայն այն բջիջները, որոնք մասնակցում են ցավային ազդանշանների փոխանցմանը եւ չդիպչել նյարդային համակարգի մնացած բոլոր տարրերին:






