Melbourne School of Engineering-ի հետազոտողները (Ավստրալիա) հակաբիոտիկների դեմ կայուն բակտերիաների դեմ պայքարի նոր միջոց են առաջարկել: Խոսքը պեպտիդային պոլիմերների մասին է` կարճ սպիտակուցների, որոնք փաթաթված են աստղանման կառուցվածների տեսքով:
Nature Microbiology գիտական ամսագրի տվյալների համաձայն, պրոֆեսոր Գրեգ Կիաոն եւ իր գործընկերները մի քանի տարի աշխատել են «հակաբակտերիական» սպիտակուցների ստեղծման ուղղությամբ: Նրանց ստացած սպիտակուցները ոչնչացրել են գրամբացասական բակտերիաները, որոնց մոտ առավել հաճախ է կայունություն ձեւավորվել հակաբիոտիկների հանդեպ: Հետազոտողները նաեւ ցուցադրել են, որ սպիտակուցները թունավոր չեն, իսկ դրանց արդյունավետությունը հեղինակները ցույց են տվել ոչ միայն բջջային մոդելների վրա, այլեւ` կենդանական:
Երկրորդ հակամանրէական միջոցի կարեւոր առանձնահատկություններից մեկը կարելի է կոչել այն, որ սուպերբակտերիայի մոտ պեպտիդային պոլիմերների հանդեպ դիմադրողականության նշաններ չեն զարգացել: Դա կապված է այն բանի հետ, որ նման սպիտակուցները բակտերիայի վրա ազդել են տարբեր միջոցներով, ոչ թե մեկ, ինչը բնորոշ է հակաբիոտիկներին:
Հիշեցնենք, որ սուպերբակտերիաների, այն է` այսօր օգտագործվող հակաբիոտիկների մեծ մասի հանդեպ կայունություն դրսեւորող միկրոօրգանիզմների թիվը շարունակում է աճել: Գիտնականներն ասում են, որ 2050 թվականին նման միկրոօրգանիզմները 10 մլն մարդու մահվան պատճառ կդառնան: Իսկ նոր հակաբիոտիկներ բավականին հազվադեպ են հայտնվում. վերջին երեսուն տարվա ընթացքում նման մեկ կամ երկու դեղամիջոց են ստեղծել:






