«Հինգ վայրկյանի» կանոնը, ըստ որի՝ գետնից ժամանակին, այսինքն՝ ընկնելուց 5 վայրկյան հետո  վերցված ուտելիքը չի հասցրել մանրէներ հավաքել, իսկապես գործում է: Այսպիսի եզրահանգման են եկել Անգլիայում Ասթոնի համալսարանի հետազոտողները:

«Հինգ վայրկյանի» կանոնն ապացուցելու համար հետազոտողները փորձեր են կատարել՝ օգտագործելով տարբեր մակարեւույթներ՝ լամինատ, գորգեր, մանրահատակ: Փորձագետները ստուգել են, թե աղիքային ցուպիկի եւ ստաֆիլոկոկի մանրէներն ինչ արագությամբ կարող են ընկնել բուտերբրոդի, մակարոնի, բլիթի եւ այլ մթերքների վրա: Ուտեստները գետնին մնացել են 3-30 վայրկյան:

Փորձը ցույց է տվել, որ մթերքների՝ մանրէներով վարակվելու ամենաէական գործոնը ժամանակն է: Նույնիսկ ամենակպչուն սնունդը գետնին 5 վայրկյանից ոչ ավել մնալու դեպքում կարելի է առանց վախենալու ուտել: Որքան երկար են մթերքները գետնին մնացել, այնքան մեծ է հիվանդածին մանրէներով դրանց վարակվելու ռիսկը, հայտնում է Fox News-ը՝ հղում անելով Journal of Applied Microbiology ամսագրում հրապարակված հոդվածին:

«Գետնին ընկած սննդի օգտագործումը, այնուամենայնիվ, որոշակի ռիսկ պարունակում է՝ կախված հատակի վրա առկա միկրոբների տեսակից: Սակայն հնարավոր է՝ «հինգ վայրկյանի» կանոնից օգտվող մարդկանց համար մեր հետազոտությունները յուրատեսակ արդարացում լինեն»,- ասում է Ասթոնի համալսարանի միկրոկենսաբանության պրոֆեսոր Էնթոնի Հիլթոնը: