Քաղցկեղով հիվանդ երեխաների ծնողները հաճախ ստիպված են լինում բարդ որոշումներ կայացնել. օրինակ` ընտրել նոր դեղամիջոցի կլինիկական փորձարկումների եւ ավանդաբար օգտագործվող վիրահատական միջամտության միջեւ:  Հետագայում ծնողները հաճախ զղջում են իրենց ընտրության համար:  Սակայն որքան ավելի շատ տեղեկություններ են ստանում նրանք հիվանդության եւ դրա բուժման միջոցների մասին որոշումը կայացնելուց առաջ, հետագայում այնքան քիչ են հակված լինում կասկածելու եւ զղջալու: Այդ մասին պատմել է մանկական ուռուցքաբան Ջեննիֆեր Մեկը Dana-Farber Cancer Institute-ից եւ Boston Children's Hospital-ից:

Նա եւ իր գործընկերները հարցում են անցկացրել 346 մարդու շրջանում, որոնց երեխաները քաղցկեղից բուժվում էին ԱՄՆ-ի 2 խոշոր բուժկենտրոնում: Գիտնականները ցանկանում էին հասկանալ, թե ծնողները որքան հաճախակի են զղջում անցյալում իրենց երեխաների բուժման վերաբերյալ կայացված որոշումների համար: Բոլոր 346 ծնողները հարցաթերթիկներ են լրացրել իրենց որդու կամ դստեր մոտ քաղցկեղ   հայտնաբերելուն հետեւած 12 շաբաթվա ընթացքում: 

Այդ հարցաթերթիկների վերլուծության արդյունքում 54 մարդ (մասնակիցների 16 տոկոսը) շատ զղջացել է ընդունված որոշման համար: Մասնակիցների մոտ մեկ երրորդը համարել է, որ ճիշտ ընտրություն է արել: Եվս  45 տոկոսը կասկածներ է ունեցել իրենց որոշման ճիշտ լինելու վերաբերյալ:  Միաժամանակ, եթե մարդիկ առավելագույնս մանրամասն տեղեկություններ են ստացել երեխայի հիվանդության առումով  կանխատեսումների վերաբերյալ, վստահել են իրենց բժշկին եւ իրենց հարմարավետ են զգացել որոշումներ կայացնող մարդու դերում, նրանք միջինն ավելի հազվադեպ են ափսոսացել կայացված ընտրության համար, քան մյուսները:  Բացի այդ, հետազոտությունը ցույց է տվել, որ տեղեկացվածության միեւնույն մակարդակի դեպքում  «սպիտակները» ավելի հազվադեպ են կասկածել, քան աֆրո կամ լատինաամերիկացիները:  

Ջեննիֆեր Մակը նշել է, որ քաղցկեղային հիվանդություններով երեխաների  ծնողների համար ծայրաստիճան կարեւոր է բուժող բժշկի հետ մշտական երկխոսության մեջ լինել եւ որոշումներ կայացնել առանց շտապելու եւ առանց ավելորդ ճնշման: Բժշկի կարծիքով, ընտրությունը պետք է արագ անել, բայց հաճախ ժամանակ է լինում թեր եւ դեմ-ը հանգիստ ծանրութեթեւ անելու համար: