Որոշ մարդիկ կորցնում են ախորժակը հիվանդանալիս, ուրիշները, ընդհակառակը, անընդհատ ցանկանում են ուտել: Նրանցից ով է իրավացի: Պարզվում է` ամեն ինչ կախված է նրանից, թե մարդն ինչով է հիվանդ. Որոշ հիվանդությունների դեպքում պետք է անպայման ուտել, ընդ որում, ցանկալի է` քաղցրեղեն, իսկ մյուսների դեպքում ավելի լավ է քաղցել:
Yale University-ի գիտնականները, որոնք հետաքրքիր հետազոտություն են հրապարակել Cell ամսագրում, պնդում են, որ քաղցելն օգտակար է բակտերիական վարակների դեպքում, իսկ վիրուսայինների դեպքում անհրաժեշտ է անպայման ուտել, նույնիսկ եթե ցանկություն չունես: Գիտնականները հետեւել են մկներին, որոնք վարակվել էին Listeria monocytogenes բակտերիաներով կամ գրիպի վիրուսով եւ պարզել են, որ գրիպով վարակված մկներն ավելի մեծ հավանականությամբ ողջ են մնացել, եթե նրանց ստիպողաբար կերակրել են, իսկ բակտերիական վարակով մկներն ավելի հաճախ սատկել են, եթե նրանց այդպես կերակրել են:
Նշանակում է` կենդանի օրգանիզմները տարբեր կերպ են արձագանքում գլյուկոզային` կախված նրանից, թե ճշգրիտ ինչն է դարձել նրանց հիվանդության պատճառը: Այսպես, գիտնականները համոզվել են, որ բակտերիական վարակի ընթացքի դեպքում մեծ քանակությամբ գլյուկոզայի օգտագործումը հանգեցրել է առանձնյակների զանգվածային մահացության: Միաժամանակ սատկած կենդանիների մոտ գլխուղեղի հյուսվածքների վնասվածքներ են հայտնաբերվել:
Բայց գրիպով վարակման դեպքում գլյուկոզայի օգտագործման ազդեցությունն ուղղակիորեն հակադիր էր. գրիպով վարակվածների հարկադրական կերակրումը հանգեցրել է մահացության դեպքերի նվազման,նույնիսկ եթե մկներին պարզ գլյուկոզա են տվել: Սակայն այդ ամենի պատճառը գիտնականներն առայժմ չգիտեն:






