Երեխաները սկսել են ավելի հազվադեպ մահանալ լեյկոզից, սակայն   2014 թվականին քաղցկեղով տառապող երեխաների մահվան հիմնական պատճառը դարձել են ուղեղի ուռուցքները: Այդ մասին են վկայում քաղցկեղի տարբեր տեսակներից մահացած 1-ից 19 տարեկան երեխաների մահացության վերաբերյալ տվյալները, որոնք հրապարակվել են  ԱՄՆ-ի Ազգային բժշկական վիճակագրության կենտրոնի կողմից (National Center for Health Statistics):

Սալլի Կուրտինը վերոհիշյալ կենտրոնից պարզաբանել է, որ  1999 թվականին քաղցկեղից մահացած յուրաքանչյուր  20 երեխայից 6-ի մահվան պատճառը եղել են լեյկոզի տարբեր տեսակները, իսկ  20-ից  5-ը մահացել է գլխուղեղի քաղցկեղից: 2014 թվականին իրավիճակը փոխվել է. այժմ երեխաներն ավելի հաճախ են մահանում ուղեղի ուռուցքներից եւ ավելի հազվադեպ` լեյկեմիայից: 

Լեյկոզից մահացության մակարդակի նվազումը հետազոտողները կապում են կլինիկական ուռուցքաբանության մեջ առաջընթացի եւ բուժման նոր մեթոդների ի հայտ գալու հետ:  Իսկ ուղեղի ուռուցքներով երեխաների ապրելիությունը գործնականում չի փոխվել. առաջընթաց գրանցվել է սոսկ չարորակության ցածր մակարդակ ունեցող գլիոմաների բուժման գործում:  

Փորձագետները նաեւ հաշվարկել են, որ քաղցկեղի բոլոր տեսակներից մանկական մահացությունը վերջին 15 տարում նվազել է 20 տոկոսով (աղջիկների մոտ` 22 տոկոսով, տղաների մոտ` 18 տոկոսով): Դա, սակայն հակասում է բրիտանական գիտնականների ստացած տվյալներին, որոնք հաշվարկել են, որ այսօր երեխաներն ավելի հաճախ են հիվանդանում քաղցկեղով եւ մահանում նրանից, քան 1998 թվականին: