Վազեկտոմիան չի մեծացնում շագանակագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը. պնդում են ամերիկացի գիտնականները: Վերջին հետազոտությունների ընթացքում նրանք ոչ մի կապ չեն հայտնաբերել վազեկտոմիայի եւ շագանակագեղձի քաղցկեղով հիվանդացման կամ դրա պատճառով մահացության միջեւ:
Երբ տղամարդիկ մտածում են վազեկտոմիա կատարելու մասին, նրանց մոտ մի քանի հարց է առաջանում. արդյոք դա ցավոտ կլինի, արդյոք սեռական կյանքում խնդիրներ չի ստեղծի եւ չի հանգեցնի արդյոք շագանակագեղձի քաղցկեղի:
American Cancer Society-ի գիտնականներն ուսումնասիրել են 364 000 տղամարդու մասին տվյալներ, որոնցից 42 000-ը վազեկտոմիա է արել` պրոցեդուրա, որի ընթացքում կապում են կամ կտրում են այն ուղիները, որոնցով սպերմատոզոիդներն ընկնում են սերմնահեղ: 30 տարվա ընթացքում շագանակագեղձի քաղցկեղի հետեւանքով մոտ 7400 մահ է գրանցվել եւ այդ հիվանդության տասնյակ հազարավոր նոր դեպքեր, սակայն հիվանդացումը միանման է եղել այն տղամարդկանց մոտ, որոնք վազեկտոմիա էին արել եւ մյուսների, որոնք բեղուն էին մնացել:
«Վազեկտոմիան երկարատեւ հակաբեղմնավորման արդյունավետ եւ ոչ թանկ մեթոդ է: Մեր նոր խոշոր հետազոտությունը ցույց է տալիս, որ վազեկտոմիան հազիվ թե մեծացնի շագանակագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը», - ասել է հետազոտության հեղինակ Էրիկ Յակոբսը:
Շագանակագեղձի քաղցկեղը ԱՄՆ-ում տղամարդկանց շրջանում երկրորդ առավել հաճախ հանդիպող հիվանդությունն է չարորակ մելանոմայից հետո: Վազեկտոմիան արդեն վաղուց տեղի տղամարդկանց կողմից օգտագործվում է որպես հակաբեղմնավորման առավել արմատական միջոց: Այդ պրոցեդուրայի ընթացքում վիրաբույժը կտրում է կամ կապում է այն ուղիները, որոնցով սպերմատոզոիդները դուրս են գալիս ամորձիներից: Այդպիսով օրգազմի ժամանակ տղամարդը սերմնահեղուկ չի լցնում կնոջ հեշտոց եւ բեղմնավորում չի կարող տեղի ունենալ:






