Էլեկտրոնային ծխախոտների համար հեղուկի մեջ տարբեր համային նյութերի հավելումը մեծացնում է ծխի թունավորությունը, պարզել են բժիշկները: Նրանք ցույց են տվել, որ ելակի համով լցոնն ամենավնասակարն է դրանցից, ասված է հոդվածում, որը հրապարակվել է Tobacco Control ամսագրում:
«Էլեկտրոնային ծխախոտներում օգտագործվող համային հավելումներից շատերը անվտանգ են ճանաչվել սննդի մեջ օգտագործվելու համար, սակայն ոչ ոք չի հետաքրքրվել, թե դրանց հետ ինչ է տեղի ունենում այրման եւ թոքերով ներշնչելու պարագայում: Պարզվել է, որ ցանկացած լցոն կարող է թունավոր նյութեր առաջացնել եւ մենք կոչ ենք անում զգույշ լինել դրանք օգտագործելիս, մինչեւ որ ավելի լայնածավալ հետազոտություններ իրականացվեն », — հայտնել է Մացեյ Գոնեվիչը (Maciej Goniewicz) Բաֆֆալոյում Ռոսվել-Պարկի քաղցկեղի ուսումնասիրման ինստիտուտից (ԱՄՆ):
Վերջին երկու տարվա ընթացքում ծխողների շրջանում վեյպերների ժողովրդականության բուռն աճի շնորհիվ գիտնականները սկսել են ակտիվորեն հետաքրքրվել, թե արդյոք նման գոլորշիներն այնպիսի օգտակար հատկանիշներ ունեն, որպիսիք դրանց վերագրում են արտադրողները եւ որքանով են դրանք պակաս վտանգավոր առողջության համար, քան սովորական ծխախոտը:
Այդ հետազոտությունները հակասական արդյունքի են հանգեցրել. ընդհանուր առմամբ ծխախոտի ծուխն ավելի վտանգավոր է թոքերի առողջության եւ մարդու ամբողջ մարմնի համար, սակայն էլեկտրոնային ծխախոտի գոլորշիչները, վերջերս պարզել են գիտնականները, իրենց մեջ բազմաթիվ քաղցկեղածիններ եւ թունանյութեր են պարունակում, որոնք արտադրվում են շիկացած պարույրի վրա գոլորշիացող հեղուկի «այրման» արդյունքում: Բացի այդ, Կանադայում դպրոցականների շրջանում հարցումները ցույց են տվել, որ էլեկտրոնային ծխախոտը նոր մարդկանց է գրավում դեպի նիկոտինը, ոչ թե ընդամենը ծխախոտի փոխարինիչ է հանդիսանում արդեն կայացած ծխողների համար:
Գոնեւիչն ու իր գործընկերները լցոնների մի քանի ապրանքանիշ են ձեռք բերել, դրանք գոլորշիացրել են լաբորատոր «էլեկտրոնային ծխախոտում» եւ այդ ծխով մշակել են փորձանոթներում գտնվող բրոնխների մշակությունները: Հետեւելով դրանց կյանքում փոփոխությունների եւ բորբոքման տարբեր նշանների ի հայտ գալուն, քաղցկեղի զարգացմանը եւ այլ բացասական երեւույթներին, բժիշկները գնահատել են համային հավելումներից յուրաքանչյուրի հատկանիշները:
Փորձարկումը ցույց է տալիս, որ լցոններն ուժեղացրել են այն բացասական հետեւանքները, որոնք ի հայտ էին եկել բջիջները էլեկտրոնային ծխախոտի «մաքուր» գոլորշիներով մշակման դեպքում, սակայն միաժամանակ դրանց ազդեցության ուժը զգալիորեն տարբերվել է: Զարմանալիորեն, ամենից քիչ բջիջներին վնասել է ծխախոտի հոտով հեղուկը, իսկ ամենից շատ` ելակի հոտովը: Մենթոլի, անանասի եւ սուրճի հոտով հեղուկներն այդ աղյուսակում միջանկյալ դիրք են գրավել:
Մյուս կողմից, նույնիսկ «ելակի» ծուխը զգալիորեն զիջել է սովորական ծխախոտի բացասական ազդեցությանը: Մասնավորապես, ծխախոտը սպանել է փորձանոթներում բջիջների մինչեւ 65 տոկոսը, մինչդեռ ելակային էլեկտրոնային ծխախոտները ոչնչացրել են բրոնխների բջիջների կեսից մի քիչ ավելին:






