Արդյոք անհատականացված բուժումը, որն ուռուցքային հիվանդին նշանակվում է հաշվի առնելով ուռուցքի գենետիկական առանձնահատկությունները, ավանդական ընթացակարգերից ավելի արդյունավետ է:  Այդ հարցին պատասխան փորձել են գտնել ֆրանսիացի գիտնականները Ժան-Շառլ Սորիայի ղեկավարությամբ:  

Նրանք վերլուծել են տարբեր տեղայնությամբ տարածված ուռուցքներով` թոքերի, կաթնագեղձի քաղցկեղ, գլխի եւ պարանոցի, շագանակագեղձի ուռուցքներ, միզափամփուշտի, աղիների եւ ստամոքսի քաղցկեղ, 1110 մարդու հիվանդության պատմությունը: Հետազոտությանը մասնակցել են հիվանդներ, որոնք բուժման արդեն երեք մոտեցում են փորձարկել, եւ նրանք, ում բժիշկները չեն կարողացել այլ թերապիա նշանակել: 

Նրանցից 199-ը գենետիկական սքրինինգ է անցել, որի արդյունքում նրանց անհատականացված բուժում է նշանակվել:  Կարծիք կա, որ ուռուցքի առաջացման համար մեղավոր մուտացիաների հայտնաբերումը թույլ է տալիս ուղղորդված ազդեցության դեղամիջոցներ ընտրել, որոնք արդյունավետորեն հաղթահարում են հենց այդ նորագոյացությունները:  Հետազոտությունը ցույց է տվել, որ այն հիվանդների մոտ, որոնց համար հենց այդպիսի բուժում են ընտրել, հիվանդության չկրկնվելու   ժամանակահատվածը  30 տոկոսով ավելի երկար է տեւել, քան նրանց մոտ, ում բուժման համար ստանդարտ ընթացակարգեր են կիրառվել: 

Հետազոտողները եզրակացրել են, որ անհատականացված բուժումն իրոք օգնում է ուռուցքային հիվանդներին, ընդ որում` քաղցկեղի տարբեր ձեւերի դեպքում: