Չնայած իր վատ համբավին՝ գարեջուրը շատ բնական հակաօքսիդանտներ ու վիտամիններ է պարունակում, որոնք կարող են կանխել սրտի հիվանդություններն ու նույնիսկ վերականգնել մկանների ուժը: Սա նշանակում է, որ պետք է պահել չափը. մեկ շիշ գարեջուրն օգտակար է, իսկ ահա 4-ից հնարավոր է գիրանալ, փոխանցում է Fox News-ը:

Եթե անհանգստանում եք ջրազրկման համար, հիշեք, որ գարեջրի 93%-ը ջուր է: Իսկ իսպանացի գիտնականներն ապացուցել են, որ գարեջուրը նույնիսկ ավելի լավ է խոնավեցնում օրգանիզմը, քան միայն H2O-ն, երբ Դուք քրտնում եք արեւի տակ:

Հաշվի առնելով այս ամենը՝ այնուամենայնիվ, ի՞նչ գարեջուր ընտրել: Նկատի ունենալով ավելորդ կալորիաները՝ ավելի լավ է՝ բաց գույնի, բայց առողջությանն օգտակարության տեսակետից՝ մուգ գարեջուրը լավագույն ընտրությունն է:

Գարեջրի մուգ տեսակներն ավելի շատ հակաօքսիդանտներ են պարունակում, որոնք օգնում են կանխել օրգանիզմի բջիջների վնասումը: Բացի դրանից՝ մուգ գարեջուրն ավելի շատ երկաթ է պարունակում՝ ըստ վերջերս Science of Food and Agriculture ամսագրում հրապարակված հետազոտության:

Մեր օրգանիզմը երկաթի հույժ կարիք ունի: Երկաթն օրգանիզմի բոլոր բջիջների բաղադրիչ է եւ կատարում է կենսագործունեության հիմնական գործառույթները, ինչպես՝ թթվածնի թոքերից մարմնի այլ մասեր փոխադրումը:

Ավելի լավ է՝ լցնովի գարեջուր գնել, քանի որ այն ավելի շատ հմուլ է պարունակում, քան շշով վաճառվող գարեջուրը: Հմուլը պոլիֆենոլ է պարունակում, ինչը նվազեցնում է խոլեստերինի մակարդակը, պայքարում է քաղցկեղի դեմ եւ ոչնչացնում վիրուսները:

Պարզապես պետք է հիշել ոսկե կանոնը՝ «ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ»: