Գիտնականները կարծում են, որ երկար տարիների հետազոտություններից ու թեստերից հետո շաքարի բնական փոխարինիչ են գտել, որը կալորիա եւ ածխաջրեր չի պարունակում եւ չի բարձրացնում արյան մեջ շաքարի մակարդակը, փոխանցում է Daily Mail-ը:
«Հրաշալի բաղադրիչը»՝ ստեւիան, շաքարավազից 250-300 անգամ ավելի քաղցր է, եւ այն սննդի ու ըմպելքիների մեջ ավելացնելով՝ արտադրողները կարող են կտրուկ կրճատել մթերքների կալորիականությունը:
Նայեք «Սփրայթ»-ի պիտակին եւ բաղադրիչների շարքում ստեւիա կտեսնեք, ահա, թե ինչու հիմա ըմպելիքը 30%-ով պակաս շաքար է պարունակում:
Շաքարի փոխարինիչներ նախկինում էլ են եղել: Արհեստական փոխարինիչները, ասպարտամը, սախարինն ու սուկրալոզան՝ ամինոթթուներից ու քիմիական նյութերից, օգտագործվում են արդեն մոտ 40 տարի: Սննդամթերք արտադրողները հրաշալի գիտեն դրանց հատկությունների մասին, ուստի միլիոնավոր դւմարներ են ներդրել՝ շաքարի բնական փոխարինիչ գտնելու համար: Նրանք ցանկացել են «մաքուր պիտակ» ստանալ՝ բաղադրամասերի ցանկ առանց E տառով մակնշվող մթերքների ու արհեստական հավելումների: Քանի որ հայտնի է, որ շաքարը ճարպակալման եւ դիաբետի հիմնական պատճառն է, գիտնականներն ուզում են դրան բնական փոխարինիչ գտնել:
Այս ամիս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ արեց կրկնակի կրճատել սննդակարգում ավելացվող շաքարը: Խոսքն այն մասին, է որ ճաշացանկում շաքարի ավեցուկը որպես ճարպ կուտակվում է լյարդի շուրջը, ինչը հանգեցնում է քաշի ավելացման ու 2-րդ տիպի շաքարային դիաբետի առաջացման: Որոշ գիտնականներ ցույց են տվել, որ շաքարն ուղեղի վրա կոկաինի նման է ազդում: Մեղրի, թխկու ու ագավայի օշարակների վաճառքի ծավալը մեծապես ավելացել է:
Միեւնույն է, փորձագետները միաձայն պնդում էին, որ այդ շաքարներն առողջության համար սովորականից լավը չեն: «Դրանք պարունակում են ոչ շատ ավելի քիչ կալորիա՝ մոտավորապես 3 կալորիա մեկ գրամի դիմաց՝ սովորական շաքարի 4-ի փոխարեն»,- ասում է սննդի բրիտանական հիմնադրամի գիտնական Բրիջեթ Բենելեմը: «Դրանք մարդկանց դուր են գալիս, որովհետեւ բնական են, բաց առավելություն ունեն, թե ոչ՝ հայտնի չէ: Ամեն դեպքում, շաքարավազը եւս բնական, բուսական մթերք է»: Իսկ օրգանիզմը բոլոր բնական շաքարավազները նույն կերպ է մարսում:
Գլազգոյի համալսարանում մեթաբոլիկ բժշկություն դասավանդող եւ դիաբետի ոլորտում առաջատար հետազոտող Նավիդ Սաթթարն ասում է. «Շաքարը շաքար է, իսկ կալորիան կալորիա է, եւ տարբերություն չկա՝ ինչ ձեւով է օրգանիզմը ստանում այն՝ մեղրի տեսքով, ագավայի օշարակի, թե սպիտակ շաքարավազի. օրգանիզմն այն նույն կերպ է յուրացնում»:
Հայտնի է, որ սովորական սպիտակ շաքարավազը, մեղրն ու թխկու օշարակը բաղկացած են գլյուկոզայից ու ֆրուկտոզայից, իսկ ագավայի օշարակը՝ հիմնականում ֆրուկտոզայից, եւ երբ օրգանիզմը յուրացնում է ֆրուկտոզան, այն չի մեծացնում արյան մեջ ինսուլինի մակարդակը: Փոխարենը՝ այն միանգամից ընկնում է լյարդի մեջ, որտեղ նյութափոխանակվում է: Բայց սա եւս այնքան էլ լավ չէ, ասում է Բրիջեթ Բենելեմը, քանի որ դրա մեծ քանակությունը մեծացնում է արյան մեջ ճարպային թթուների շրջանառությունը, ինչը կարող է սրտի հիվանդության պատճառ դառնալ: Եվ այսպես, ստեւիան կարո՞ղ է խնդրի լուծում լինել: Ստեւիայի բնական էքստրակտը Պարագվայից արդեն 40 տարի օգտագործվում է որպես շաքարի փոխարինիչ Ճապոնիայում եւ ավելի շատ՝ Հարավային Ամերիկայում, չնայած Եվրոպայում այն օգտագործման համար հաստատվել է միայն 2011-ին: Ստեւիայի թերությունն այն է, որ դրա էքստրակտներից որոշները դառը հետնահամ ունեն:
Ասում են՝ «Պեպսի» ընկերությունն աշխատում է «համային ուժեղացուցիչների»՝ առանց համի ու հոտի քիմիկատների ուղղությամբ՝ քաղցրությունն ավելացնելու համար: Դրա հետ մեկտեղ օգտագործվում է կալորիա չպարունակող շաքարի փոխարինիչ՝ պատրաստված չինական արխատ մրգից, որը շաքարից 200-300 անգամ ավելի քաղցր է եւ օգտագործվում է ըմպելիքների ու հրուշակեղենի արտադրության մեջ: Նախկինում Լոնդոնի Մետրոպոլիտեն համալսարանում սննդի քաղաքականություն դասավանդած Ջեկ Ունիքլերը կարծում է, որ այդ մշակումները կօգնեն կատարելագործել քաղցր դիետան: Շաքարի փոխարինիչներին անցնելու առավելությունները հետազոտողները հաստատում են:
Կառավարության սննդի հարցերով նախկին խորհրդատու բժիշկ Մարգարեթ Էշուելլը հետազոտությունների պարբերական ուսումնասիրություն է անում: Նա եզրակացրել է, որ շաքարից փոխարինիչի անցնելն օգնում է շաբաթական մոտ 0.2 կիլոգրամով նիհարել: 2012-ին ամերիկյան Clinical Nutrition ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ նրանք, ովքեր քաղցր ըմպելիքները փոխարինել են դիետիկ ըմպելիքներով ու ջրով, 6 ամսվա ընթացքում նիհարելու ավելի մեծ հնարավորություն են ունեցել, քան վերահսկիչ խմբում ընդգրկվածները: Շաքարի դիետիկ փոխարինիչներն օգնում են ավելորդ քաշ ունեցող մարդկանց, քանի որ նրանք սկսում են ավելի քիչ կալորիա օգտագործել, ասում է պրոֆեսոր Սաթթարը: «Շատերի դեպքում ավելորդ կալորիաների մեծ մասը ստացվում է քաղցր ըմպելիքներից: Դիետիկ ըմպելիքներ օգտագործելը հնարավորություն կտա նվազեցնել օգտագործվող կալորիաների քանակը»:






