Էդինբուրգի համալսարանի հետազոտողների կատարած վերջին բացահայտումը կարող է փոխել կանացի վերարտադրողական համակարգի աշխատանքի եւ ձվաբջիջների հասունացման գործընթացի մասին մեր պատկերացումները:

Մինչեւ հիմա հայտնի էր, որ ձվարաններում ձվաբջիջներ կարող են հասունանալ դեռեւս մինչեւ ծնվելը. աղջիկները ծնվում են ձվաբջիջների որոշակի պաշարով, եւ սեռական հասունացումից հետո դրանք աստիճանաբար «սպառվում» են: Սակայն Էվելին Թելֆերի գլխավորախ հետազոտողների խումբը պարզել է, որ այդքան էլ այդպես չէ:

Մասնագետները հետեւել են կանանց ոչ մեծ խմբի, որոնք քիմիաթերապիայի օգնությամբ քաղցկեղից բուժում են ստացել: Նրանք նկատել են, որ ABVD-ով քիմիաթերապիայից հետո, որը չորս դեղամիջոց է ներառում, հիվանդների մոտ պտղաբերության հետ կապված խնդիրներ չեն առաջացել, ինչպես դա տեղի է ունենում այլ դեղորայքի պարագայում: Ընդհանուր առմամբ՝ գիտնականներն ուսումնասիրել են Հոջքինի լիմֆոմայով 11 հիվանդի ձվարանների հյուսվածքներից վերցված նմուշները. նրանցից 8-ը ABVD-ով բուժում են ստացել, մյուսները՝ այլ բուժում:

Հեղինակներն ապացուցել են, որ ABVD-բուժում ստացող կանանց մոտ ձվաբջիջները նույնիսկ 2-4 անգամ ավելին են, քան առողջ կանանց մոտ: Այս արդյունքն ուրախացրել եւ զարմացրել է մասնագետներին, սակայն նրանք առայժմ բացատրություն չեն գտել: Ենթադրվում է, որ այս բուժման կուրսի ժամանակ օգտագործվող դեղամիջոցները ձվարաններին հարկադրում են նոր ձվաբջիջներ ստեղծել:

Հիվանդների մոտ հայտնաբերված ձվաբջիջները «երիտասարդ» են եղել՝ նման աղջիկների մոտ առկա սեռական բջիջներին: Դրանք առողջ կանանց ձվաբջիջներից տարբեր են հասունացել, սակայն ABVD-բուժում ստացած հիվանդները պտղաբերության հետ կապված խնդիրների չեն բախվել: