Ճապոնացի գիտնականներին հաջողվել է սրտի կաթվածից հետո կապիկի սրտի հյուսվածքները վերականգնել ցողունային բջիջների կիրառման օգնությամբ, որոնք վերցվել են առողջ կապիկից: Այս փորձը կարող է հանգեցնել սրտի կաթվածի հետեւանքների նոր՝ արմատական բուժման զարգացման:

Սրտի կաթվածն ամբողջ աշխարհում մարդկանց մահվան առաջատար պատճառներից է: Եթե սրտի կաթված ստացած մարդը ողջ է մնում, նրան երկարատեւ վերականգնում է սպասվում, բայց նույնիսկ դրանից հետո սրտի ախտահարված հատվածը լիովին չի վերականգնվում, եւ օրգանը հարկ եղածին պես չի աշխատում:

Յուձի Սիբայի գլխավորությամբ հետազոտողներն առաջարկել են սրտի հյուսվածքը վերականգնել կարդիոմիոցիտների ներարկման միջոցով, որոնք ստացել են առողջ դոնորի ցողունային բջիջներից: Նրանք փորձ են կատարել սրտի կաթված ստացած 5 կենդանիների վրա: Դոնորն առողջ կապիկն էր, որից վերցվել են մաշկի բջիջներ, որոնց հետագա մշակմամբ գիտնականները կարողացել են սրտի բջիջներ ստանալ: Կապիկներին են ներարկել այդ կերպ ստացված բջիջները, որոնք արագորեն հասել են սրտի վնասված հատվածներ՝ փոխարինելով վնասված հյուսվածքների շուրջ 16 տոկոսը, ինչով նպաստել են օրգանի աշխատանքի բարելավմանը:

Չնայած դրական արդյունքն ակնհայտ էր, կապիկների մոտ առիթմիա է գրանցվել, որը վկայում է, որ մեթոդը կատարելագործման կարիք ունի: Ավելին, եթե այս մեթոդը կիրառվի մարդկանց բուժման համար, անհրաժեշտ է համոզվել դրա լիակատար անվտանգության հարցում, ինչի համար պետք է լրացուցիչ հետազոտություններ կատարվեն:

Մյուս հնարավոր ռազմավարությունը հենց հիվանդի բջիջների կիրառումն է: Այդ դեպքում հիվանդը ստիպված չի լինի իմունային սուպրեսիրային դեղամիջոցներ ընդունել, որոնք կանխում են փոխպատվաստված բջիջների անջատումը:

Ինչեւէ, ճապոնացի գիտնականների առաջարկած մեթոդը միանգամից մի քանի հիվանդի օգնելու հնարավորություն է ընձեռել՝ օգտվելով միայն մեկ դոնորի բջիջներից. դա ավելի էժան է եւ արագ, չնայած մեծացնում է անջատման վտանգը: