Տեսախաղերն օգտակար են մարդու համար եւ բարելավում են տեսողական ընկալումը, իհարկե՝ չափավոր խաղալու դեպքում (շաբաթը մի քանի ժամ): Այս մասին հաղորդել են Nottingham Trent University-ի գիտնականները:
Հետազոտության ընթացքում մասնագետները հետեւել են կամավորների երկու խմբի. առաջին խմբի անդամները տեսախաղերին շաբաթը 1-5 ժամ են հատկացրել, երկրորդ խմբի անդամներն ընդհանրապես չեն խաղացել: Այնուհետեւ երկու խմբին էլ դիտողականության հետ կապված առաջադրանք են տվել: Էկրանին մեծ արագությամբ առարկաներ են հայտնվել եւ անհետացել. 10-ական տարբեր իր՝ մեկ վայրկյանում: Այն դիտելուց հետո մասնակիցները պետք է ներկայացված առարկաներից 2-ի հստակ բնութագրերը նշեին. մեկի գույնը եւ մյուսի ուղղությունը:
Հետազոտողները նշել են, որ խաղացողները միջինը 5%-ով ավելի լավ են կատարել առաջադրանքը: Նրանք էկրանին հայտնվող պատկերներին ավելի արագ ու արդյունավետ են արձագանքել: Հետազոտության առաջատար հեղինակ Քրիստինա Հովարդն ընդգծել է, որ նույնիսկ հազվադեպ խաղացող մարդիկ ուշադրության եւ ընկալման հետ կապված առաջադրանքներն ակնհայտորեն ավելի լավ են կատարում:
Նրա խոսքով՝ իրար հաջորդող 100 իրադարձություններից 5-ի մասին խոսելու դեպքում 5%-ը կարող է զգալի տարբերություն լինել, որոնք տեսախաղերով ընդհանրապես չհետաքրքրվող մարդիկ կարող են չնկատել: Ընկալման նույնիսկ 5%-ի չափով բարելավումը կարեւոր կլինի, օրինակ, ավտոմեքենա վարելիս:






