Նախկինում համարվում էր, որ Զիկա վիրուսով վարակվելը վտանգավոր է միայն հղիության առաջին երեք ամիսների ընթացքում, երբ պտղի ներքին օրգանները նոր են միայն կազմավորվում: Սակայն նոր հետազոտությունը ցույց է տվել, որ այդ վիրուսը կարող է նորածնի նյարդային համակարգում խանգարումներ առաջացնել նույնիսկ հղիության վերջին շրջանում վարակվելու դեպքում:

Մաուրիսիո Լացերդա Նոգուեյրայի ղեկավարությամբ անցկացված նոր հետազատությանը հղիության ընթացքում Զիկա վիրուսով վարակված 55 կին է մասնակցել: Գիտնականները հետազոտել են այդ հղիության արդյունքում լույս աշխարհ եկած երեխաներին:

Նրանք հայտնաբերել են, որ չորս երեխաների մոտ, որոնց մայրերը վիրուսով վարակվել են հղիության վերջին 1-2 շաբաթների ընթացքում, կենտրոնական նյարդային համակարգի խանգարում կա, որը բնորոշ է այդ վիրուսի հետեւանքներին: Երեխաների մոտ միկրոցեֆալիա եւ հիվանդության այլ նախանշաններ չեն եղել եւ, մասնագետների խոսքով, վնասվածքները կարելի էր նաեւ չնկատել, եթե կանայք եւ նրանց երեխաները հետազոտության մասնակից չլինեին:

Գիտնականները տեղեկացրել են, որ հետեւելու են այդ նորածիններին՝ հասկանալու համար, արդյո՞ք այդ խանգարումներն ազդելու են նրանց հետագա զարգացման վրա: Նրանք նաեւ չեն բացառում, որ հենց Զիկա վիրուսը կարող է տարբեր նյարդաբանական խանգարումների առաջացման պատճառ դառնալ:

Նոնուեյրայի ղեկավարությամբ անցկացված մեկ այլ հետազոտության արդյունքում էլ պարզվել է, որ վիրուսը կարող է փոխանցվել օրգանների փոխպատվաստման հետեւանքով: Չորս հիվանդներ Զիկա վիրուսով վարակվել են հիվանդ դոնորներից երիկամների եւ լյարդի փոխպատվաստման հետեւանքով: