Վարսակի շիլայի օգտակարության մասին բազմիցս է խոսվել. այն մեծ քանակությամբ վիտամիններ եւ հանքանյութեր է պարունակում, օրգանիզմն ապահովում է դանդաղ յուրացվող ածխաջրերով, որոնք նվազեցնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում առավոտյան վարսակի շիլա ուտելու մի քանի պատճառ.
Վարսակի շիլան ավելացված շաքարներ չի պարունակում
Ամենասովորական վարսակը կամ վարսակի փաթիլները «դանդաղ» էներգիայի հրաշակի աղբյուր են համարվում, քանի որ ավելացված շաքարներ չեն պարունակում. վարսակի շիլայից հետո գլյուկոզայի մակարդակը չի բարձրանում, կայուն է մնում մինչեւ ճաշ: Բազմաթիվ այլ նախաճաշերի դեպքում, հատկապես, եթե դրանցում շաքար կա, մեզ գլյուկոզայի մակարդակի կտրուկ աճ է սպասվում, իսկ հետո՝ կտրուկ անկում ճաշից շատ առաջ: Արդյունքում մենք ուժեղ քաղց եւ ինչ-որ անառողջ բան ուտելու ցանկություն ենք ունենում:
Վարսակի շիլան վիտամինների եւ հանքանյութերի աղբյուր է
Վարսակը վիտամինների եւ հանքանյութերի բնական աղբյուր է, որոնց թվում են B1 վիտամինը, երկաթը, մանգանը, ցինկը: Սրանք մեծ դեր ունեն մեր օրգանիզմի գործունեության համար, այդ թվում՝ էներգիա մատակարարելու եւ իմունիտետն ամրապնդելու հարցում:
Վարսակի շիլան համեղ է
Շատերին դուր չի գալիս սովորական վարսակի շիլան: Այդ դեպքում կարելի է շիլային ավելացնել մրգեր, հատապտուղներ, չամիչ կամ ընկուզեղեն. այդ դեպքում նախաճաշը նույնիսկ ավելի օգտակար կդառնա: Ձմռանը կարելի է շիլային մեկ գդալ դարչին ավելացնել, որը կօգնի հավասարակշռել արյան մեջ շաքարի մակարդակը:
Մանրաթելերի հիանալի աղբյուր է
Վարսակը մեծ քանակությամբ մանրաթելեր է պարունակում, որոնք նվազեցնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Որոշ գիտնականներ պնդում են, որ մանրաթելերն ավելի լավ են պայքարում խոլեստերինի դեմ, քան հատուկ այդ նպատակով ստեղծված մյուս մթերքները, որոնք հաճախ պատրաստվում են ոչ բնական ճարպերից: Մանրաթելերը մարդկանց օգնում են նաեւ առողջ քաշ պահպանել՝ նվազեցնելով 2-րդ տիպի դիաբետի առաջացման վտանգը: Մեկ գավաթ վարսակի շիլայում շուրջ 4 գրամ մանրաթելեր կան:






