Ավելորդ քաշից ազատվելու ամենահավաստի միջոցը համարվում է առողջ սննդակարգի եւ սպորտի համադրությունը: Բայց եթե ինչ-ինչ պատճառներով չեք կարող սպորտով զբաղվել եւ չեք ցանկանում փոխել ձեր սննդակարգը, կան նաեւ նիհարելու մի քանի այլ միջոցներ:

1. Կաթնամթերք

Թենեսիի համալսարանի գիտաշխատողների հետազոտությունը հաստատել է «ժողովրդական» տեսությունն այն մասին, որ կաթնամթերքի օգտագործումն օգնում է նիհարելուն: Գիտնականները պարզել են, որ օրական երեք անգամ նման մթերք օգտագործող մարդիկ 70 տոկոսով ավելի արագ են նիհարում՝ ի տարբերություն սննդակարգում կաթնամթերք չներառողների:

2. Մեկ բաժակ ջուր

Առանց խիստ դիետաների եւ սպորտի նիհարելուն կարող է օգնել նաեւ «ուտելուց առաջ մեկ բաժակ ջուրը»: Այն կօգնի արագացնել նյութափոխանակությունը եւ թույլ չի տա ավելին ուտել:

3. Զբոսանք

Նիհարելու ցանկություն ունեցողներին նաեւ խորհուրդ է տրվում սկսել ավելի քիչ օգտվել տրանսպորտից եւ ավելի շատ շարժվել: Գիտնականների պնդմամբ՝ օրական 30 րոպե տեւողությամբ զբոսանքը կօգնի տոնուսի մեջ պահել օրգանիզմը: Ֆիթնես-մարզիչ Ջերալին Կուպերսմիթը վստահեցնում է, որ օրական նույնիսկ 20 րոպե տեւողությամբ ֆիզիկական ակտիվությունը բավարար է նիհարելու համար, իհարկե՝ ակտիվ շարժվելու դեպքում:

«Եթե հեռուստացույցով գովազդի ժամանակ վեր կենաք բազմոցից եւ մի քանի վարժություն կատարեք, շատ շուտով կարող եք տեսնել արդյունքը»,- նշում է Կուպերսմիթը:

4. Ծամեք ուտելիքը

Նիհարելու մեկ այլ միջոց է ուտելիքը երկար եւ մանրամասն ծամելը: Հետազոտությունները ցույց են տվել, որ այդպիսով մարդը 12 տոկոսով ավելի քիչ է ուտում եւ քաղց չի զգում:

5. Նախաճաշ

Գիտնականները նաեւ նշում են, որ մարդիկ, որոնց հաջողվում է պահպանել առողջ քաշը, սովորաբար բաց չեն թողնում նախաճաշը եւ ավելի շատ առողջ սնունդ են օգտագործում: Այսպիսով, եթե ցանկանում եք նիհարել, փորձեք առավոտյան նախաճաշել: