Երբ Շոն Ջուդ Ջեգերսը մեծանա, նրան կպատմեն իր ծննդյան զարմանալի պատմությունը: Նրա լույս աշխարհ գալը ծնողների համար միանգամայն անսպասելի էր, ավելին, նրա մայրը մինչեւ վերջ կարծել է, թե նա երիկամային քար է:
Ստեֆանի Ջեգերսը հիվանդանոց է դիմել որովայնի ուժեղ ցավերով՝ համոզված, որ երիկամում քար ունի: Նրան զննած բժիշկը հարցրել է հղիության ժամկետի մասին, ինչին կինը պատասխանել է, որ հղի չէ, իսկ հերթական դաշտանային փուլն այդ պահին ընթացքի մեջ է: Կասկածները ցրելու համար բժիշկը ուլտրաձայնային հետազոտություն է նշանակել, որը հաստատել է, որ Ստեֆանին հղիության 9-րդ ամսում է, եւ շուտով կծննդաբերի: Բժիշկների խոսքով՝ երեխան պետք է ծնվեր մոտ մեկ ժամից:
Նորաթուխ ծնողները՝ Ստեֆանին եւ նրա ամուսինը՝ Մայքլը, հուզված էին. նրանք չէին պատկերացնում, թե այդքան ամիսների ընթացքում ինչպես են կարողացել չնկատել հղիությունը: Դրանից զատ, նրանք սկսել են մտաբերել, թե վերջին ամիսներին Ստեֆանին ինչ կենսակերպ է վարել. վերջերս ստիպված էր եղել կոճի կոտրվածքի պատճառով ռենտգեն անցնել, ավագ երեխաների հետ (Շոնի ծնվելուց առաջ Ջեգերսներն արդեն երեք երեխա ունեին) ժամանցի այգի է հաճախել եւ սահել ամերիկյան բլուրներով: Սակայն ծնողների մտահոգությունները զուր են. Շոնը բացարձակ առողջ է:
Ծննդաբերելուց առաջ վերջին ամիսներին Ստեֆանին հաճախ էր բողոքում փորում ծանրության զգացումից: Դաշտանը նրա մոտ անկանոն է եղել. մոտ մեկ տարի առաջ բժիշկը նրան հայտնել է դաշտանադադար սկսվելու մասին, եւ որ հղիության հավանականությունը գործնականում զրոյական է: Հղիությանը հատուկ մյուս նշանները, Ստեֆանիի խոսքով, բացակայում էին:






