Ամերիկացի գիտնականները մարդու ուղեղում պլացեբոյի յուրահատուկ «կենտրոն» են բացահայտել, որի խթանումը կարող է դառնալ քրոնիկական ցավերի դեմ պայքարի բանալի եւ հանգեցնել օփիումային ցավազրկողներից հրաժարման:
«Մեր տեխնոլոգիան բժիշկներին թույլ կտա տեսնել ուղեղի այն հատվածները, որը հիվանդի ուղեղում գործարկվում է ցավի երեւակման ժամանակ, եւ այդ տվյալներն օգտագործել այդ զգացումները ճնշող դեղորայք ընտրելիս: Բացի այդ, «պլացեբոյի կենտրոնի» ակտիվությանը հետեւելը մարդուն ցավից ազատող դեղորայքի արդյունավետությունը գնահատելու հնարավորություն կընձեռի»,- հայտարարել է Չիկագոյի (ԱՄՆ) Հյուսիսարեւմտյան համալսարանի աշխատակից Վանյա Աբգարյանը:
Աբգարյանն ու նրա գործընկերները նման եզրակացության են հանգել 60 մարդկանց ուղեղի աշխատանքին հետեւելուց հետո, որոնք տառապել են ծնկահոդի քրոնիկական ցավից: Գիտնականները նրանց առաջարկել են ցավի դեմ նոր «դեղամիջոց» ընդունել, որը դեպքերի կեսի համար ոչ թե իսկական ցավազրկող է եղել, այլ պլացեբո:
Կամավորները երեք շաբաթվա ընթացքում խմել են իսկական ցավազրկողներ եւ դրանց կեղծ նմանակները: Այդ ընթացքում գիտնականները ՄՌՏ-ի միջոցով հետեւել են նրանց ուղեղի ակտիվությանը: Համեմատելով նյարդային համակարգի տարբեր շրջանների ակտիվությունը՝ նրանք փորձել են պարզել, թե արդյոք պլացեբոն իր ներգործության մեխանիզմով արդյո՞ք տարբերվում է իսկական ցավազրկողներից:
Այս դիտարկումները հաստատել են, որ պլացեբոյի արդյունքն իսկապես կարելի է օգտագործել քրոնիկական ցավերը ճնշելու համար, եւ ցույց տվել, որ մարդու ուղեղում հատուկ գոտի կա, որի ակտիվությունը կանխատեսում է, թե նրա վրա որքանով ուժգին կազդեն նման «կեղծ» հաբերը:
Այն գտնվում է աջ կիսագնդում, ուղեղի առջեւի հատվածի կեղեւի ծալքերից մեկի վրա: Աբգարյանի եւ նրա գործընկերների փորձերը ցույց են տվել, որ կեղեւի հարեւան հատվածների հետ այդ շրջանի կապերի քանակը որոշում է, թե մարդը որքան սաստիկ է արձագանքում պլացեբոյին եւ ինչպես են տարբեր ցավազրկողներն ազդում նրա աշխատանքի վրա:
Օրինակ՝ գիտնականները պարզել են, որ որոշ դեպքերում դեղորայքը ուժգնացնում է պլացեբոյի արդյունքը, իսկ այլ մարդկանց մոտ՝ հակառակը, ցավազրկողներն այն ճնշել են եւ դրանով իսկ ցավն ավելի արտահայտիչ դարձրել: Հոդվածի հեղինակները կարծում են, որ դա կարելի է բացատրել, թե քրոնիկական ցավերով հիվանդներից շատերն ինչու ընդունակ չեն դրանցից ազատվել նույնիսկ շատ ուժեղ ցավազրկողների օգնությամբ:
Գիտնականների հոդվածը հրապարակվել է PLoS Biology ամսագրում:






