Նախադաշտանային շրջանում շատ կանայք քաղցրեղեն են ուտում՝ օրական 500 ավելորդ կալորիա օգտագործելով: Թունիսի National Institute of Nutrition and Food Technology-ի հետազոտության համաձայն, որի արդյունքները հրապարակվել են Annals of Endocrinology ամսագրում, սա կարող է կապված լինել հորմոնների մակարդակի փոփոխության հետ:

Նախադաշտանային սինդրոմը հաճախ ուղեկցվում է փքվածությամբ, ցավերով, տրամադրության կտրուկ փոփոխությամբ, իսկ քաղցրավենիքը կանանց օգնում է ավելի դյուրին հաղթահարել այս ամենը: Դաշտանային ցիկլից մի քանի օր առաջ կանանց մոտ մի քանի հարյուր գրամ ավելորդ քաշ է ի հայտ գալիս՝ ի տարբերություն ամսվա մյուս օրերի:

Հետազոտողների կարծիքով՝ նախադաշտանային սինդրոմի ժամանակ շատ ուտելը բացատրվում է էստրոգենների, պրոգեստերոնի, ինչպես նաեւ, այսպես կոչված, «երջանկության հորմոնի»՝ սերոտոնինի մակարդակի փոփոխությամբ, որի մեղքով էլ տեղի են ունենում տրամադրության հաճախակի եւ կտրուկ փոփոխությունները: Երբ կնոջ օրգանիզմում սերոտոնինի մակարդակը նվազում է, սննդակարգում լրացուցիչ քանակությամբ ածխաջրեր են հայտնվում, որոնց նպատակն այս հորմոնի ցուցանիշը բարձրացնելն ու հանգստության եւ երջանկության զգացողությունը վերադարձնելն է:

Սննդի հարցերով մասնագետները նախադաշտանային սինդրոմով տառապող կանանց խորհուրդ են տալիս առողջության համար ավելի օգտակար ածխաջրեր ընտրել: Դրանց թվում են վարսակը, դարչնագույն բրինձը, չրերը, հատիկավոր հացը, յոգուրտը, մրգերը եւ լոբազգիները: Նախադաշտանային սինդրոմի սրված փուլի ընթացքում սրանք ընտրելու դեպքում առողջության համար ավելի պակաս օգտակար մթերքների հանդեպ ձգտումը եւ դրա հետեւանքները զգալիորեն կնվազեն: