Քնի պակասը մարդուն ստիպում է ավելի շատ ուտել եւ կարող է հանգեցնել ավելորդ քաշ հավաքելուն: Այս մասին հայտնել են King’s College London-ի մասնագետները: Նրանց հետազոտության վերաբերյալ հոդվածը հրապարակվել է European Journal of Clinical Nutrition գիտական ամսագրում:
Գիտնականների խոսքով՝ քնի պակասով տառապող մարդիկ օրական միջինում 385 կալորիա ավելի են ուտում, քան նորմալ քնող մարդիկ: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ քնի պակասը խախտում է ցիրկադային ռիթմի աշխատանքը, որն անդրադառնում է գրելին եւ լեպտին հորմոնների արտադրման վրա: Առաջինը պատասխանատու է քաղցի, երկրորդը՝ կուշտ լինելու զգացման համար:
Սա հաստատելու նպատակով մասնագետները վերլուծել են 172 կամավորների մասնակցությամբ 11 հետազոտությունների տվյալները: Այս հետազոտություններում համեմատվում էր 24 ժամվա ընթացքում կալորիաների սպառումը արհեստականորեն ընդհատված կամ նորմալ քնից հետո: Դրանից զատ, պարզվել է, որ քնի պակաս ունեցող մարդիկ նախընտրում են ճարպի մեծ եւ սպիտակուցների փոքր պարունակությամբ սնունդ:
Հետազոտության առաջատար հեղինակ դոկտոր Գերդա Պոտը նշել է, որ ավելորդ քաշի եւ ճարպակալման հիմնական պատճառը օգտագործվող եւ ծախսվող կալորիաների քանակի անհավասարակշռությունն է. երբ մարդն ավելի շատ է ուտում, քան ծախսում է, նա քաշ է հավաքում: Հետազոտությամբ նշվել է, որ այս հարցում կարող է լուրջ դերակատարում ունենալ քնի պակասը. քնի պակաս ունեցող մարդիկ ավելի շատ են ուտում, քան կարիք ունեն, բայց նույնքան են ծախսում, որքան սովորաբար, որն էլ հենց հանգեցնում է ավելորդ կիլոգրամներ հավաքելուն:
Գիտնականների խոսքով՝ նոր հետազոտություններ են անհրաժեշտ՝ վերջնականապես պարզելու համար, թե քնի պակասն ինչ դերակատարում ունի ճարպակալման զարգացման համար, եւ հասկանալու՝ նորմալ քունը կարո՞ղ է կանխել ավելորդ կիլոգրամներ հավաքելը:






