Սննդի մեջ աղի փոխարեն բույսեր ու համեմունքներ օգտագործելու միջոցով կարելի է հասնել նատրիումի օգտագործումը նվազեցնելուն: Քալիֆորնիայի համալսարանի գիտնականների հետազոտությունը ներկայացվել է Սրտի ամերիկյան ասոցիացիայի նիստին:

Աղի օգտագործումը կրճատելը հատկապես կարեւոր է արյան բարձր ճնշում ունեցող հիվանդների համար, ինչը սրտանոթային հիվանդությունների առաջացման հիմնական ռիսկի գործոնն է: Սրտի ամերիկյան ասոցիացիայի տվյալներով՝ նատրիումն ավելորդ հեղուկ է պահում օրգանիզմում՝ այդպիսով լրացուցիչ ճնշում գործադրելով սրտի վրա: Մարդու առօրյա սննդակարգում աղը նատրիումի հիմնական աղբյուրն է, ուստի աղի օգտագործումը սահմանափակելն օգնում է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկը:

Նատրիումի օգտագործումը նվազեցնելու արդյունավետ միջոցներ գտնելու համար գիտնականները երկու փուլով հետազոտություն են կատարել, հայտնում է Fox News-ը:

Փուլ 1. 55 մասնակից 4 շաբաթվա ընթացքում նատրիումի ցածր պարունակությամբ սնունդ է օգտագործել: Այդ ընթացքում ամբողջ ուտելիքն ու ըմպելիքը կամավորներին հետազոտողներն են տրամադրել: Այս ժամանակում մասնակիցների կողմից նատրիումի օգտագործումն օրական  3450 միլիգրամից կրճատվել է մինչեւ 1656 մգ-ի:

Փուլ 2. 20-շաբաթական հետազոտության մասնակիցների կեսը փորձել է նատրիումի օգտագործումը կրճատել մինչեւ օրական 1500 միլիգրամի՝ աղը փոխարինելով համեմունքներով ու բույսերով: Մյուս կեսը պետք է նատրիումի օգտագործումը նվազեցներ առանց որեւէ հավելումի: Գիտնականները նշում են, որ հետազոտության մասնակիցների ավելի քան 60%-ն արյան բարձր ճնշում է ունեցել, իսկ  18%-ը հիվանդ է եղել դիաբետով եւ ավելորդ քաշ է ունեցել:

Խմբին, որում ընդգրկված մասնակիցներն ավանդական բաղադրատոմսերը փոխել են աղի քանակը նվազեցնելու համար եւ համեմունքներ են ավելացրել, հետազոտողները մասնակիցներին որոշակի համեմունքներ խորհուրդ չեն տվել, նրանք առաջարկել են տարբեր համադրություններ փորձել՝ իմանալու համար, թե ինչն է նրանց ավելի դուր գալիս:

Չնայած առաջին փուլում նատրիումի ընդհանուր օգտագործումն ավելացել է՝ երկրորդ փուլում խումբը, որում ընդգրկվածներն իրենց սննդային սովորությունները փոխել են համեմունքների օգնությամբ, օրական մոտ 966 մգ է օգտագործել, այսինքն՝ ավելի քիչ նատրիում, քան մյուս խումբը:

Այսպիսով՝ աղի փոխարեն համեմունքներ եւ բույսեր օգտագործելուն սովորելը կբերի ավելի քիչ նատրիում օգտագործելուն, քան եթե նրանք փորձեին աղի գործածությունը կրճատել առանց դրանց: