Գրիպի տարածման առանցքային գործոններն են օդի խոնավությունը եւ ջերմաստիճանը, պարզել են Քալիֆորնիայի համալսարանի հետազոտողները: Նրանք հայտնել են, որ նման կապ է նկատվում ոչ միայն Հյուսիսային Ամերիկայի եւ Եվրոպայի երկրներում, որտեղ եղանակների հերթագայությունն ակնհայտ է, այլեւ արեւադարձային շրջաններում, որտեղ այն այդքան վառ չի արտահայտված:

Ջորջ Սուգիհարան եւ նրա գործընկերները պնդում են, որ խոնավությունը եւ ջերմաստիճանն ավելի ուժեղ են ազդում, քան կլիմայական մյուս կոմպոնենտները: Նրանք կիրառել են մոդելավորման էմպիրիկ դինամիկական մեթոդիկա, որն արդեն օգտագործվել էր սարդինների եւ անձրուկների պոպուլյացիաների տեղաշարժերի հետազոտման համար: Այժմ այս մեթոդիկան որոշել են օգտագործել ամբողջ աշխարհում գրիպի համաճարակները կանխատեսելու համար:

Հեղինակները վերլուծել են 18 տարվա ընթացքում հավաքած տվյալները: Նրանք պարզել են, որ համաճարակի զարգացման համար առավել կարեւոր դերակատարում ունի խոնավության փոփոխությունը, բայց ազդում է նաեւ ջերմաստիճանը: Հյուսիսային կիսագնդում գրիպի բռնկումները տեղի են ունենում նվազած խոնավության եւ Ցելսիուսի մինչեւ 24 աստիճան ջերմաստիճանի պայմաններում: Ավելի բարձր ջերմաստիճանների դեպքում համաճարակները զարգանում են աճող խոնավության պայմաններում: Այսպիսով, հյուսիսային կիսագնդում գրիպի համաճարակների հավանականությունը մեծանում է տարվա ցուրտ եղանակներին, իսկ արեւադարձային գոտիներում՝ անձրեւների շրջանում:

Գիտնականները պարզաբանել են, որ վիրուսային կապսիդը քայքայվում է ցածր ջերմաստիճանի եւ մեծ խոնավության դեպքում (այն ուռչում է եւ պայթում), ինչպես նաեւ տաք եւ չոր կլիմայի պայմաններում (այս դեպքում այն չորանում է եւ ճաքճքում): Դա համապատասխանում է խոնավության եւ ջերմաստիճանի ազդեցության վերաբերյալ նրանց ստացած տվյալներին:

Հեղինակները կարծում են, որ դպրոցներում, հիվանդանոցներում եւ հանրային այլ վայրերում վերահսկելով խոնավությունն ու ջերմաստիճանը՝ կարելի է կանխել վիրուսի տարածումն ու նվազեցնել գրիպով հիվանդացությունը: Այս գաղափարն արդեն քննադատներ ունի, որոնք կարծում են, որ փակ տարածքներում խոնավությունը կարող է բորբոսի տարածման պատճառ դառնալ: