Շվեդիայի Լինչեպինգսի համալսարանի հետազոտողները ներկայացրել են ցավի ախտանիշը նվազեցնող իրենց գյուտը՝ «արհեստական» նյարդ կամ իոնային պոմպ: Գիտական աշխատանքի արդյունքները հրապարակել է Science Advances ամսագիրը:
Այս գյուտն օգնում է գամա-ամինաճարպաթթուների ոչ մեծ քանակը եւ ցավազրկող այլ դեղամիջոցները նույն արագությամբ հասցնել, որոնցով փոխանցվում է նյարդային ազդակը:
Գամա-ամինաճարպաթթուն կենսաբանորեն ակտիվ քիմիական նյութ է, որը կասեցնում է ցավի ախտանիշը վերահսկող նյարդային ազդակները: Սարքը կոչվել է իոնային պոմպ:
«Մենք այն եզրակացության ենք հանգել, որ արհեստական նյարդ ենք ստեղծել, որը կարող է առանց խնդրի փախազդել մարդու նյարդային համակարգի հետ: Ազդակը 0.1 միլիվայրկյանի ընթացքում անցնում է երկու սինափսների միջակայքով, եւ մենք գործնականում այդ արագությանը հասել ենք»,- հայտարարել է հետազոտության համահեղինակ Մագնուս Բերգրեն:
Իոնային պոմպի ստեղծումը գրեթե 10 տարի է պահանջել, եւ այժմ գիտնականները պատրաստ են սկսել այն թեստավորել կենդանի բջիջների վրա: Արհեստական նյարդը կարող է օգտագործվել քրոնիկական ցավերը կամ էպիլեպսիան բուժելու համար:






