Տարիքի հետ մարդկանցից շատերի քաշն ավելանում է, քանի որ քիչ շարժունակ կենսակերպ են վարում եւ սխալ են սնվում: Նրանց կենսակերպը մեծացնում է շաքարախտի եւ սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը: University of Manchester-ի գիտնականների իրականացրած վերջին հետազոտության արդյունքներով պարզվել է, որ տարիքին զուգահեռ քաշի աստիճանաբար ավելացումը նաեւ մեծացնում է քաղցկեղի որոշ տեսակների առաջացման հավանականությունը:
Գիտնականները վերլուծել են 18-ից մինչեւ 65 տարեկան 300 հազար մարդկանց տվյալները, որոնց դիտարկումները կատարել են 15 տարվա ընթացքում: Նրանք հետեւել են կամավորների մարմնի զանգվածի ինդեքսի փոփոխություններին. 15 տարվա ընթացքում մարդկանցից ոմանց քաշը գործնականում չի ավելացել, իսկ մյուսների մոտ ճարպակալում է առաջացել:
Դիտարկման ընթացքում ավելորդ քաշի հետ զուգակցվող ուռուցքները (դրանց թվում եղել են ենթաստամոքսային գեղձի, կաթնագեղձի, աղիների ուռուցքներ եւ քաղցկեղի մի քանի այլ տեսակներ) ախտորոշվել են 9400 կանանց եւ 5500 տղամարդկանց շրջանում:
Գիտնականները պարզել են, որ այն տղամարդկանց շրջանում, ում մարմնի զանգվածի ինդեքսը մեծացել է 22-ից մինչեւ 27, կրկնակի աճել է ավելորդ քաշի հետ կապված ուռուցքների առաջացման հավանականությունը: Կանանց շրջանում ինդեքսի 22-ից մինչեւ 32 մեծանալու դեպքում քաղցկեղի առաջացման հավանականությունն աճել է 17 տոկոսով:
Հաննա Լենոնը եւ նրա գործընկերները նշել են, որ իրենց հետազոտության արդյունքները եւս մեկ առիթ են քաշին հետեւելու համար, քանի որ ավելորդ կիլոգրամները մեծացնում են ոչ միայն սրտի եւ անոթների հետ կապված խնդիրները, այլեւ ուռուցքային հիվանդությունների:






