29-ամյա Լին Դոնեհայը տառապում է գաստրոպարեզ կոչվող հազվագյուտ հիվանդությամբ, որի հետեւանքով արդեն 5 տարի է՝ չի կարողանում ոչինչ ուտել եւ նույնիսկ խմել: Չմահանալու համար օրական 12 ժամ նրան հատուկ սարք է միացվում, որն օրգանիզմն ապահովում է սննդարար նյութերով:

Գաստրոպարեզի պատճառով կնոջ ստամոքսի մկանները չեն գործում: Եթե նա ինչ-որ բան է ուտում կամ խմում, անմիջապես փսխում է: Նրա խոսքով՝ հիվանդության առաջին նշանները երեւան են եկել 2011 թվականին, բայց այդ ժամանակ իրեն թվում էր, թե պարզապես թունավորվել է: Սակայն ժամանակի ընթացքում փսխումները չեն դադարել:

Ավելի ուշ նրա մոտ գաստրոպարեզ են ախտորոշել: Նրան հատուկ սնուցող խողովակ են տեղադրել, որը քթով հասնում է աղիներին: Աղջիկն ամեն օր 700 մլ ծավալով փաթեթից սննդարար նյութերի լրակազմ է ստանում, իսկ օրգանիզմով այդ նյութերի անցնելու համար 12 ժամ տեւողությամբ միջամտություն է պահանջվում: Փաթեթը ներառում է հազար կալորիա, սակայն Լինը դրանից բացի ոչ մի այլ բան չի կարող ուտել. եթե անգամ ուտի, սնունդը, միեւնույն է, չի մարսվի, իսկ սննդարար նյութերը չեն յուրացվի:

Երբեմն Լինն առավոտյան մեկ գավաթ թեյ է խմում, որից կարճ ժամանակ անց սկսվում է սովորական փսխումը:

«Իմ հարսանյաց հանդեսին ես այդպես էլ ոչ մի ուտեստ չփորձեցի»,- ասել է Լինը:

Ախտորոշումից հետո Լինը գրեթե 14 կիլոգրամ նիհարել է: Նա արագ է հոգնում եւ փոքր քաշի պատճառով պետք է հետեւի նախազգուշական հատուկ միջոցների:

Նախկինում Լինը բավական ակտիվ անձնավորություն էր, մարմնամարզությամբ էր զբաղվում, իսկ Համագործակցության խաղերին 18 տարեկանում Շոտլանդիան է ներկայացրել: Մրցումների ավարտից հետո ոտնաթաթի վնասվածքի պատճառով նրա մարզական կարիերան դադարել է, սակայն նա շարունակել է մարզադահլիճ հաճախել: Մինչդեռ այժմ մշտական հոգնածության պատճառով ստիպված է մարզումները դադարեցնել: