Ընդհանուր անզգայացումը երեխաների համար վտանգավոր չէ եւ չի ազդում նրանց մտավոր ունակությունների վրա. վաղ մանկության տարիքում անզգայացմամբ վիրահատության ենթարկվածները մյուսներից գործնականում չեն տարբերվում ո՛չ ակադեմիական առաջադիմությամբ, ո՛չ մտավոր ունակություններով: Այս մասին հայտարարել են Karolinska Institute-ի շվեդ գիտնականները, որոնք ընտրանքի սկզբունքով մոտ 200 հազար մարդու շրջանում հետազոտություն են իրականացրել:
Հետազոտությանը մասնակցած 33.500 երեխաները մինչեւ 4 տարեկան դառնալը գոնե մեկ վիրահատության ենթարկվել են, իսկ մնացած 160 հազար երեաները երբեք նարկոզ չեն ստացել:
Գիտնականները պարզել են, որ պատանի շվեդների այդ երկու խմբերում 16 տարեկանում առաջադիմության գնահատականների միջեւ տարբերությունը 0,5 տոկոսից պակաս է: Իսկ եթե երեխան նարկոզով կրկնակի կամ ավելի է վիրահատվել, նրա գնահատականները միջինում առնվազն 2 տոկոսով ցածր են եղել, քան իր մյուս տարեկիցներինը:
18 տարեկան շվեդ պատանիները բանակ զորակոչվելուց առաջ անցում են նաեւ մտավոր ունակությունների (IQ) թեստ: Գիտնականները առողջ երիտասարդների թեստերի արդյունքները, որոնց մանկության տարիներին նարկոզով վիրահատություն են կատարել, համեմատել են այն երիտասարդների արդյունքների հետ, ովքեր երբեք նարկոզ չեն ստացել: Պարզվել է, որ նրանց թեստերը գործնականում միանման էին: Եթե մանկության տարիներին պատանին վիրահատական սեղանին էր հայտնվել 3 եւ ավելի անգամ, նրա միջին արդյունքն առնվազն 3 տոկոսով ավելի ցածր էր, քան մյուսներինը:
Հետազոտության ղեկավար Պիա Գլատցը նշել է, որ երեխաների եւ դեռահասների առաջադիմության վրա կարող են ավելի մեծ չափով ազդել այլ գործոնները, օրինակ՝ մոր կրթական մակարդակը, այլ ոչ թե մանկության տարիներին ստացած նարկոզը:
Մասնագետներն ընդգծել են, որ հետազոտությանը այն երեխաներն են մասնակցել, որոնց կարճատեւ (մեկ ժամից ոչ ավելի տեւողությամբ) եւ ոչ այնքան բարդ վիրահատություններ են կատարել. դրանք են՝ որովայնային խոռոչում կատարվող, ճողվածքի հեռացման, քթի, ականջների, ըմպանի պաթոլոգիաների ուղղման վիրահատությունները:
Առավել լուրջ միջամտությունները (օրինակ՝ սրտի կամ ուռուցքային գոյացությունների հեռացման վիրահատությունները) այս հետազոտության ընթացքում չեն դիտարկվել, ուստի գիտնականները հստակեցրել են, որ տեղեկություններ չունեն, թե երկարատեւ վիրահատությունները ուղեղի վրա ինչպես են ներգործում: Դրա հետ մեկտեղ, եւ՛ շվեդ գիտնականները, եւ՛ բժիշկները նշել են, որ արդյունքներն ամեն դեպքում կարելի է հուսադրող համարել, որոնք հաստատել են նաեւ երիտասարդ կենդանինեի վրա կատարված փորձերը:






