Շատերն են խուսափում մրսածությամբ մարդկանց հետ համբուրվելուց՝ չցանկանալով վարակվել: Մինչդեռ քիչ հավանական է համբուրվելիս մրսածությամբ վարակվելը, պնդել են Քարդիֆի (Մեծ Բրիտանիա) համալսարանին կից Մրսածության բուժման կենտրոնի գիտնականները: Նրանց խոսքով՝ մրսածության վիրուսը կարող է փոխանցվել խորխի, այլ ոչ թե թքի միջոցով:
Մեծ Բրիտանիայի տարածքում սոցիոլոգիական հարցում է անցկացվել, որի արդյունքները ցույց են տվել, որ հատկապես մրսածությունն է ժամադրություններից հրաժարվելու ամենաակնհայտ պատճառներից մեկը: Այսպես՝ հարցվածների մոտ 21 տոկոսը հայտարարել է, որ չի համաձայնվի ժամադրվել այն մարդու հետ, որը նախկինում բողոքել է մրսածության ախտանշաններից, իսկ 79 տոկոսը նշել է, որ զուգընկերոջ մրսածութունը վանող գործոն է: Հարցմամբ նաեւ պարզվել է, որ զուգընկերոջ մրսածության դեպքում համբուրվելուց հրաժարվելուն հակված է տղամարդկանց 44 տոկոսը եւ կանանց 70 տոկոսը:
Քարդիֆի համալսարանի գիտնականների կարծիքով՝ նման զգուշավորությունը, սակայն, անտեղի է. գիտական խմբի ղեկավար պրոֆեսոր Ռոն Էքլեսը նշել է, որ մարդկանցից շատերը նախընտրում են պարզապես բռնել իրենց՝ մրսածությամբ հիվանդ զուգընկերոջ ձեռքերը՝ չիմանալով, որ այդկերպ վարակվելն ավելի հեշտ է, քան համբուրվելիս. Վիրուսը կարող է հեշտությամբ հայտնվել մրսածություն ունեցող մարդու մատների վրա (հավանաբար նա գոնե մեկ անգամ հպվել է իր քթին), այնուհետեւ անցնել զուգընկերոջ ձեռքերին: Իսկ երբ նա այդ ձեռքով հպվի իր աչքերին կամ քթին, վիրուսը կարող է այնտեղ ընկնել, ինչի հետեւանքով էլ տեղի կունենա վարակումը:
«Մրսածության վիրուսը կարող է փոխանցվել խորխի միջոցով, որն օդի մեջ է հայտնվում փռշտալիս կամ հազալիս, սակայն ինքը՝ թուքը վիրուսի աղբյուր չէ»,- ասել է մասնագետը:
Հարկ է նշել, որ խոսքը հենց մրսածության մասին է: Մինչդեռ այնպիսի հիվանդությունները, ինչպիսին գրիպն է, օդակաթիլային ճանապարհով կարող է ոչ միայն համբուրվելիս փոխանցվել, այլեւ նույնիսկ սովորական շփվելիս: Ուստի ավելորդ զգուշավորությունն, այնուամենայնիվ, ավելորդ չէ, քանի որ չեք կարող համոզված լինել, որ մարդը, ում հետ շփվում եք, հենց մրսածությամբ է հիվանդ:






