Մարդու ոչ բոլոր օրգաններն են միանման կարեւոր. մարդը կարող է ապրել առանց որոշ օրգանների, ըստ որում՝ միանգամայն նորմալ, առանց լուրջ սահմանափակումների: Այսպես՝ շատերը գիտեն, որ վերջույթները, կույր աղիքը կամ նշիկները կենսականորեն կարեւոր գործառնություն չունեն: Իսկ ի՞նչ ասենք այնպիսի օրգանների մասին, ինչպիսին երիկամներն ու թոքերն են: Հնարավո՞ր է առանց դրանց ապրել:

Մեկ թոք

Պարզվում է՝ թոքերից մեկի հեռացումն ամենեւին չի հանգեցնում շնչառական ծավալի կրկնակի կրճատման: Մնացած թոքն իր վրա է վերցնում հեռացվածի ֆունկցիան եւ հատուկ վարժությունների կատարման պայմանի դեպքում բավական արագ ընդունակ է փոխհատուցել զույգի բացակայությունը: Այդպիսով շնչառական ծավալը կրճատվում է միայն 20-30 տոկոսով:

Հիվանդների շրջանում, որոնց թոքերից մեկը հեռացվել է, կարող են բարդություններ առաջանալ ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածությունների դեպքում, սակայն սովորական կենսակերպ վարելիս նրանք, որպես կանոն, շնչառության հետ կապված խնդիրներ չեն ունենում: Ճիշտ է, մեկ թոք ունեցող մարդկանց մոտ կարող են այլ խնդիրներ առաջանալ, մասնավորապես՝ մարմնի ծռվածք՝ ներքին օրգանները տեղափոխվում են, եւ առաջանում է ողնաշարի կորացում:

Մեկ երիկամ

Եթե մեկ երիկամը նորմալ է գործում, ապա լիարժեք կարող է հաղթահարել ամբողջ արյան զտումը: Մարդիկ, որոնց մեկ երիկամը հեռացվել է, բավական արագ են վերականգնվում եւ ոչ մի լուրջ խնդիր չեն ունենում:

Ստամոքս

Պարզվում է՝ հնարավոր է նաեւ առանց ստամոքսի ապրել, որի ֆունկցիան իր վրա է վերցնում բարակ աղիի մի մասը: Այսպիսի վիրահատության ընթացքում աղին կարում են կերակրափողի հետ: Վիրահատությունից հետո վերականգնվող հիվանդները սովորաբար պետք է փոքր չափաբաժիններով ուտեն եւ ընդունեն սննդային մի շարք հավելուկներ եւ վիտամիններ, եթե օրգանիզմն անհրաժեշտ քանակով չի յուրացնում այն, ինչ սնունդի հետ է ստանում:

Հաստ աղի

Հաստ աղիի հեռացումից հետո հիվանդը ստիպված է հատուկ պարկիկ կրել, որի մեջ հավաքվում է կղանքը, որը հաստ աղիի բացակայության պատճառով չի կարող սրբան հասնել եւ սովորական ճանապարհով դուրս գալ: Վիրաբույժները հիվանդի փորի վրա ոչ մեծ անցք են բացում եւ այնտեղ են տեղադրում բռունցքի չափով պարկիկ: Նույնիսկ նման պարկով մարդը կարող է միանգամայն նորմալ ապրել, անգամ կենսակերպը, սննդակարգը կամ հագուստի ոճը լրջորեն փոխելու կարիք չկա: Որոշ մարդիկ տարիներ շարունակ առանց հաստ աղիի են ապրում, ընտանիք են կազմում, երեխաներ ունենում, աշխատում, նույնիսկ սպորտով զբաղվում եւ ճանապարհորդում:

Վերարտադրողական օրգաններ

Մարդիկ մեծ դողով են վերաբերվում իրենց սեռական օրգաններին, սակայն առանց դրանց էլ կարելի է ապրել: Տղամարդկանց ձվերը եւ առնանդամը, կանանց ձվարանները եւ արգանդը երբեմն ստիպված են քաղցկեղի պատճառով հեռացնել: Իսկ երբեմն մարդիկ ընդհանրապես առանց այս օրգանների են ծնվում: Օրինակ՝ մի կին առանց արգանդի է ծնվել: Նա ամսեկաններ չի ունենում եւ չի կարող հղիանալ, բայց քանի որ ձվարաններ ունի, կանացի հորմոնների հարցում նրա մոտ ամեն ինչ կարգին է: Հայտնի է նաեւ մի տղամարդու մասին, որն առանց առնանդամի է ծնվել: Անշուշտ, նա լիարժեք սեքսով զբաղվել չի կարող, բայց, նրա խոսքով, ինքը, միեւնույն է, ինտիմ կյանք ունի. նա զուգընկերուհուն բավարարելու շատ այլ միջոցներ գիտե:

Վահանաձեւ գեղձ

Վահանաձեւ գեղձը շատ կարեւոր գործառույթներ է կատարում՝ կարգավորում է աճը, օրգանիզմի զարգացումը, նյութափոխանակությունը եւ շատ այլ ֆունկցիաներ: Սակայն կարելի է ապրել առանց այս գեղձի էլ, իհարկե՝ այն հեռացնելուց հետո հիվանդների մեծ մասը ստիպված է ամբողջ կյանքի ընթացքում հորմոնների փոխարինման բուժում անցնել:

Փայծաղ

Մեյո կլինիկայի մասնագետները պնդում են, որ փայծաղը հեռացնելուց կամ այն պաթելուց հետո հիվանդն ինֆեկցիաների հանդեպ ավելի ընկալունակ է դառնում: Առանձնապես մեծ է վիրահատությունից անմիջապես հետո վարակվելու հավանականությունը: Այդուհանդերձ, առանց փայծաղի կարելի է միանգամայն նորմալ ապրել: