Մարիխուանա ծխողների մոտ միտոքոնդրումների գործողության խախտումներ են առաջանում: Նման եզրահանգման է եկել գիտնականների միջազգային խումբը: Բացի այդ, դա հանգեցնում է հիշողության եւ մտավոր այլ ունակությունների վատթարացման:

Միտոքոնդրիումներն օրգանոիդներ են, որոնք տեղակայված են էուկարիոտիկ բջիջների ներսում եւ պատասխանատու են դրանց էներգիայով ապահովելու համար: Միտոքոնդրիումների նեյրոնների թաղանթում CB1 ռեցեպտորներ կան, որոնք հայտնի են նաեւ կանաբինոիդ ռեցեպտորներ: Դրանք կապում են հոգեակտիվ նյութերի հետ, ինչը, հայտնի է, փոփոխություններ է առաջացնում նյարդային բջիջների միջեւ ազդակների փոխանցման գործում: Գիտնականները ստուգել են, արդյո՞ք այդ գործընթացը կապված է մտավոր ունակությունների վատթարացման հետ:

Գիտնականները վերլուծել են մարիխուանայի ազդեցությունը գլխուղեղի նեյրոնների վրա՝ պարզելու համար, արդյո՞ք այն հանգեցնում է հիշողության հետ կապված խնդիրների եւ կատալեպսիայի ձեւավորման: Դրա համար նրանք կանաբինոիդ ռեցեպտորները հեռացրել են մկների գլխուղեղի բջիջներից: Այն կրծողները, որոնց այդ ռեցեպտորները հեռացրել են, մտավոր խախտումներ չեն ցուցադրել: Դա մատնանշում է, որ CB1-ի հոգեակտիվ նյութերի միավորումը փոխել է միտոքոնդրիումների ակտիվությունն ու ազդել նեյրոնների միջեւ ազդակների փոխանցումը:

Այսպիսով, ըստ հետազոտողների, մարիխուանայի երկարատեւ օգտագործումը հանգեցնում է օրգանոիդների անդառնալի վնասվելուն: Արդյունքում կարող է հիշողության երկարաժամկետ կամ մշտական կորուստ եւ առողջական այլ խնդիրներ արձանագրվել: