Հազվագյուտ նյարդային խանգարման պատճառով կանադուհին քնում է գրեթե ամբողջ օրը, բայց երբեք իրեն հանգստացած չի զգում։
Նոր Շոտլանդիայից (Կանադա) Հիզեր Ռիդը տառապում է հազվագյուտ նյարդային խանգարմամբ՝ Քլեյնե-Լեւինի սինդրոմով, որը հայտնի է նաեւ որպես քնած գեղեցկուհու սինդրոմ: Հիվանդությունը թույլ չի տալիս 37-ամյա կնոջը լիարժեք կյանքով ապրել, քանի որ նա օրական 22 ժամ քնած է։
Ընդ որում՝ նույնիսկ այն կարճ ժամանակահատվածում, երբ կանադուհին արթուն է, իրեն հանգստացած չի զգում ու մշտապես ուզում է անկողին վերադառնալ։
Այս հիվանդությամբ տառապողները պարզապես չեն կարողանում պայքարել քնելու ցանկության դեմ։ Բացի այդ՝ Ռիդի մոտ բժիշկները քրոնիկ հոգնածության սինդրոմ են ախտորոշել, ինչն ավելի է բարդացնում իրավիճակը։
Կինն արդեն 7 տարի է՝ նման քնկոտ վիճակում է։ Հիվանդության ախտանիշերը սրվել են այն բանից հետո, երբ կանադուհին երիկամների վիրահատություն է տարել։ Հիմա հիվանդությունը թույլ չի տալիս Հիզերին աշխատել ու նորմալ կյանք վարել, չնայած նախկինում նա հաջողակ էր, ակտիվ ուսանողուհի, մեքենա էր վարում։
«Ես ինձ ուրվական եմ զգում»,- ասել է նա։
Քլեյնե-Լեւինի սինդրոմով, որը սովորաբար ախտորոշվում է դեռահասության տարիքում, տառապում է մեր մոլորակի շուրջ հազար բնակիչ։ Նրանք քնում են օրական միջինը 18 ժամ։






