Վերջին 40 տարում աշխարհում արյան բարձր ճնշմամբ տառապող մարդկանց թիվը համարյա կրկնակի աճել է՝ հասնելով 1,1 մլրդ մարդու: Այս մասին են վկայում ծավալուն հետազոտության արդյունքները, որն իրականացվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնակցությամբ:

Հետազոտությունն ընդգրկել է 1975-ից մինչեւ 2015 թվականները: Գիտնականներն այն եզրակացության են հանգել, որ եթե նախկինում հիպերտոնիան համարվում էր հարուստների հիվանդությունը, ապա այժմ այս հիվանդությամբ ավելի ու ավելի շատ են տառապում բնակչության աղքատ շերտերը: Հիպերտոնիայով տառապող բնակչության թվի էական աճ է նկատվում Աֆրիկայում եւ Հարավային Ասիայում: Արյան բարձր ճնշմամբ տառապող բոլոր մարդկանց գրեթե կեսը բնակվում է ասիական երկրներում:

Հետազոտության տվյալներով՝ Հարավային Կորեան, ԱՄՆ-ն եւ Կանադան գլխավորել են հիպերտոնիայով հիվանդացածության ամենացար ցուցանիշով աշխարհի երկրների ցուցակը:

Սակայն գիտնականները չեն կարող ճշգրիտ ասել, թե ինչու է բարձր ճնշումը խնդիր դարձել առավել աղքատ երկրների բնակիչների համար: Պատճառներից մեկը կարող է լինել բնակչության սննդակարգը, որը ենթադրում է հարուստ երկրներում բանջարեղենի եւ մրգերի ավելի մեծ քանակով օգտագործում: