Չինացի գիտնականներն ագրեսիվ քաղցկեղի բուժմանն ուղղված գիտափորձի շրջանակում առաջին անգամ մարդու օրգանիզմ CRISPR/Cas9 համակարգով մոդիֆիկացված գեներով բջիջներ են ներարկել:

Նրանք թոքերի քաղցկեղով հիվանդի արյան միջից դուրս են բերել իմունային բջիջները (T լիմֆոցիտները), այնուհետեւ CRISPR տեխնոլոգիա օգտագործել՝ PD-1 սպիտակուցը կոդավորող գենն անջատելու համար: Վերջինը թուլացնում է իմունիտետը՝ նպաստելով ուռուցքի աճին: Գիտնականները բջիջներ են աճեցրել՝ մեծացրելով դրանց քանակությունը, այնուհետեւ դրանք նորից տեղադրել մարդու օրգանիզմում: Հետագայում բժիշկները հետեւելու են փորձի մասնակցի վիճակին՝ պարզելու համար, արդյո՞ք գենային թերապիան կօգնի հաղթահարել հիվանդությունը:

Հետազոտողների խոսքով՝ գենոմի մոդիֆիկացիայի գործողությունը հաջող է անցել, եւ հիվանդն առաջիկայում նոր ներարկում կստանա: Բացի այդ, փորձերին կմասնակցեն եւս 10 հիվանդներ, որոնց 2-4 ներարկում կանեն: Յուրաքանչյուր կամավորի կհետեւեն մինչեւ 6 ամիս՝ պարզելու համար, արդյո՞ք բուժումը կարող է լուրջ կողմնակի բարդություններ առաջացնել:

CRISPR-ը բակտերիաների ԴՆԹ-ի մասնիկներ են, որոնք իրենց մեջ համադրում են կրկնվող հատվածներն ու սփեյսերները: Վերջիններն իրարից տարբերվում են նուկլեոտիդների հաջորդականությամբ եւ տեղակայված են կրկնվողների միջեւ: Դրանք ԴՆԹ-ի մասնիկներ են, որոնք փոխառված են վիրուսներից կամ մակաբույծ-բակտերիաներից, եւ պատասխանատու են իրենց նման օտարածին գենետիկ նյութը ճանաչելու համար: Cas9 սպիտակուցները ճեղքում են մակաբույծի գեները: