Ամերիկյան գիտնականները դեղորայքի համար նոր պարկուճ են ստեղծել, որն ընդունելուց հետո մինչեւ 2 շաբաթ մնում է ստամոքսում՝ դանդաղ դուրս թողնելով իր պարունակությունը:

Բերանի միջոցով ընդունվող դեղորայքն ազդեցության սահմանափակ ժամանակ ունի, քանի որ արագորեն անցնում է աղեստամոքսային տրակտի միջով, որտեղ դրանց վրա ազդում է ագրեսիվ միջավայրը: Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Լանգերի թիմը նոր պարկուճի ստեղծման ուղղությամբ աշխատել է մի քանի տարի՝ կենտրոնանալով Իվերմեկտին հակապարազիտային միջոցի օգնությամբ մալարիայի բուժման ուղղությամբ: Այս միջոցը սպանում է դեղորայքն ընդունած մարդուն կամ կենդանուն խայթած ցանկացած մոծակի: Խոզերի վրա անցկացված փորձը ցույց է տվել, որ դեղամիջոցի ազդեցությունը 2 շաբաթ է տեւել:

Պարկուճի ներսում հատուկ կառուցվածք կա, որը նման է 6 ճառագայթ ունեցող աստղի: Յուրաքանչյուր ճառագայթ, որտեղ լցվում է դեղորայքը, կամուրջով միացված է աստղի միջուկին: Ընդունելուց հետո արտաքին պարկուճը լուծվում է, իսկ «աստղը» մնում է ստամոքսում. այն բավական մեծ է, որպեսզի դիմակայի այնտեղից իրեն դուրս մղող ուժերին, բայց չափազանց փոքր, որպեսզի խցանի ելքը: Երբ աստղի ճառագայթներում առկա դեղորայքն ավարտվի, կամուրջները նույնպես կլուծվեն:

Մաթեմատիկական մոդելավորման օգնությամբ Ռոբերտ Լանգերն ու նրա գործընկերները հաշվարկել են, որ եթե նոր մալարիայի դեմ դեղորայքով պարկուճը գոյություն ունեցող թերապիայի հետ օգտագործեն հիվանդների 70%-ը, արդյունքն այնպիսին կլինի, ինչպես եթե թերապիա ստանային ոչ թե հիվանդների 70%-ը, այլ 90%-ը: Ներկայում գիտնականները փորձում են նման պարկուճներ ստեղծել արեւադարձային այլ հիվանդությունների, ինչպես նաեւ ՄԻԱՎ-ի եւ տուբերկուլյոզի բուժման համար: