Ավստրալական Սիդնեյի բնակչուհին՝ Դենիել Փոլը, երկվորյակներով հղի է եղել: Երեխաներից մեկը ժամկետից շուտ է լույս աշխարհ եկել, իսկ երկրորդին կինը շարունակում է կրել կրծքի տակ: Այս դեպքը կարելի է եզակի համարել գինեկոլոգների պրակտիկայում:
Դենիելի ծննդաբերական ցավերը սկսվել են հղիության 25-րդ շաբաթվա ընթացքում, այսինքն՝ ժամկետից զգալիորեն վաղ: Բայց միայն աղջիկն է ծնվել, որին Սեդի են կոչել, իսկ տղան շարունակում է ապրել մոր արգանդում: Սեդիի ծննդից մի ամբողջ ամիս է անցել, բայց Դենիելը շարունակում է կրել երկրորդ երեխային:
Երկրորդ երեխայի ծննդի ուշացումը չափազանց հազվագյուտ երեւույթ է բժշկական պրակտիկայում, սակայն դեպքեր են եղել, երբ երկվորյակները լույս աշխարհ են եկել շաբաթների եւ նույնիսկ ամիսների տարբերությամբ: Սեդիի քաշը ծնվելուց հետո ընդամենը 710 գրամ է եղել, այդ պատճառով նրան անմիջապես տեղափոխել են նորածինների համար նախատեսված ինկուբատոր:
Դենիելը հույս ունի, որ երկրորդ երեխան հղիության 40-րդ շաբաթվան առավելագույնս մոտ կծնվի:






