Մեծահասակներից շատերը տառապում են աուտիկ սպեկտրի խանգարումներով, սակայն այդ մասին անգամ չեն կասկածում: Նրանք մանկության տարիներից ի վեր հաճախ իրենց միայնակ են զգում, գործնականում ընկերներ չեն ունենում. նման իրավիճակը պահպանվում է նաեւ դեռահասության շրջանում, հասուն եւ նույնիսկ տարեց տարիքում:
Եթե այդպիսի մարդիկ նույնիսկ որոշում են հասկանալ, թե իրենց հետ ինչ է կատարվում, լուրջ խնդիրների են բախվում: University of Vermont-ի հետազոտողները 37 մեծահասակների մասնակցությամբ իրականացրած հետազոտությամբ պարզել են, որ իրենց մոտ աուտիկ սպեկտրի խանգարումներն ինքնուրույն ախտորոշելու համար մեծահասակներից պահանջվում է միջինը մոտ 3.8 տարի:
Հետազոտության մասնակիցներից շատերը նշել են, որ մանկությունից սկսած իրենց այնպիսին չեն զգացել, ինչպիսին բոլորն են: Այդ զգացողությունը պահպանվել է նաեւ հասուն տարիքում: Հիվանդներից մեկը նշել է, որ տասական տարով ապրել է տարբեր խոշոր քաղաքներում, եւ ոչ մեկում իրեն չի հաջողվել ընկերություն հաստատել:
Երբ մարդիկ տեղեկանում են այլ հիվանդների գոյության մասին, որոնց մոտ, հնարավոր է, նույնպես աուտիկ սպեկտրի խանգարումներ կան, իրենց ավելի հանգիստ են զգում: Ծանոթանալով այլ հիվանդների պատմություններին՝ նրանք «մասնակցության զգացում» են ապրել: Հետազոտության մասնակիցներից մեկն ասել է, որ «իր» պատմությունը մեկ այլ մարդու շուրթերից իր սեփական բառերով լսելով՝ միաժամանակ անհավանական թեթեւացում եւ վիշտ է ապրել:
Հետազոտության ղեկավար Լաուրա Լյուիսը նշել է, որ պաշտոնական ախտորոշման բացակայությունն այդպիսի մարդկանց շրջանում մեծացրել է դեպրեսիայի, անհանգստության առաջացման վտանգը, ինքնասպանություն գործելու հավանականությունը: Նա կարծում է, որ եւ՛ բժիշկները, եւ՛ հանրությունը պետք է իմանան այն մարդկանց գոյության մասին, որոնք տեղյակ չեն, որ տառապում են աուտիկ սպեկտրի խանգարումներով:






