Տղամարդը որքան ավելի շատ սեռական զուգընկերուհիներ ունի, այնքան նրա մոտ մեծ է շագանակագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Այս մասին հայտնել են Cancer Council New South Wales-ի (Ավստրալիա) գիտնականները:
Նրանց իրականացրած հետազոտությամբ պարզվել է, որ իրենց կյանքի ընթացքում 7 եւ ավելի զուգընկերուհի ունեցած տղամարդիկ 2 անգամ ավելի հաճախ են հիվանդացել շագանակագեղձի քաղցկեղով՝ նրանց համեմատությամբ, ովքեր երեքից ավելի սեքսուալ զուգընկերուհի չեն ունեցել: Ավելին՝ հետազոտության արդյունքներով սեռական կյանքը վաղ սկսելը նույնպես մեծացնում է քաղցկեղի այդ տեսակի զարգացման հավանականությունը:
Առայժմ հայտնի չէ, թե ինչու է հատկապես սեռական կյանքի վաղ սկիզբը եւ սեքսուալ զուգընկերուհիների մեծ թիվը մեծացնում շագանակագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Գիտնականները ենթադրում են, որ պատճառը սեքսուալ բարձր ակտիվության հարուցած հորմոնալ փոփոխություններն են:
Այդ հիվանդության վտանգի այլ գործոնների թվում են ընտանեկան անամնեզում դրա առկայությունը. եթե տղամարդը տառապել է շագանակագեղձի քաղցկեղով, նրա որդիներին եւ մյուս մերձավոր ազգականներին խորհուրդ է տրվում վարել առավելագույնս առողջ կենսակերպ եւ կանոնավոր հետազոտվել բժշկի մոտ:
Հետազոտության հեղինակները նաեւ պարզել են, որ շագանակագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը մեծանում է տղամարդկանց ավելորդ քաշի կամ ճարպակալման առկայությամբ, սակայն այս դեպքում կապն այդքան արտահայտված չէ:
Ուշագրավ է, որ հետազոտությամբ ոչ մի կապ չի հայտնաբերվել շագանակագեղձի քաղցկեղի եւ թլպատման միջեւ: Այս հիվանդության առաջացման վրա չի ներգործում նաեւ վազեկտոմիան կամ էրեկցիայի դիսֆունկցիան:
Գիտնականների խոսքով՝ տղամարդիկ պետք է տեղեկացված լինեն շագանակագեղձի քաղցկեղի առաջացման վտանգի գործոնների մասին, որպեսզի այնպիսի կենսակերպ վարեն, որը կնվազեցնի այդ վտանգը:






