Էլեկտրոնային ծխախոտներն ընդմիշտ փչացնում են դեռահասների բրոնխերն ու թոքերը եւ ավելի քան 2 անգամ մեծացնում են նրանց մոտ բրոնխիտի զարգացման ռիսկը։ Այս մասին հայտնում են Հյուսիսային Քալիֆորնիայի համալսարանի գիտնականները։ Նրանք պնդում են, որ այդ սարքերը դեռահասների օրգանիզմում քիմիական նյութ են արտադրում, որը շնչառական համակարգի մշտական խանգարումներ է առաջացնում։
Գիտնականների խոսքով՝ էլեկտրոնային ծխախոտ ծխող դեռահասների մոտ թոքերի հիվանդությունների ռիսկն աճում է 70 տոկոսով, եւ այդ հիվանդությունները սպառնում են մշտական վնասել թոքերը, անգամ եթե այդ դեռահասները կյանքում երբեք ձեռք չեն տվել իսկական ծխախոտի։ Գիտնականների խոսքով՝ դրա մեղավորը դիացետիլ կոչվող քիմիական նյութն է, որն օգտագործում են էլեկտրոնային ծխախոտների մեջ կոնֆետա-կարամելային համ տալու համար։ Հենց դիացետիլն է հանգեցնում «պոպկորնանման թոքեր» կոչվող խանգարմանը։ Բացի այդ, էլեկտրոնային ծխախոտի արձակած գոլորշին պարունակում է նաեւ գլիցերոլ, նիկոտին եւ այլ գրգռող նյութեր, որոնք կարող են շնչառական խնդիրներ առաջացնել։
Ամերիկացի հետազոտողներն ավելի քան 2 հազար դեռահասների շրջանում հարցում են անցկացրել քրոնիկ բրոնխիտի ախտանշանների մասին (ավելի քան 3 ամիս շարունակվող ամենօրյա հազ)։ Պարզվել է, որ կանոնավոր կերպով էլեկտրոնային ծխախոտ ծխող երիտասարդները 85 տոկոսով ավելի հաճախ են ունենում թոքերի այդ ինֆեկցիան կամ 71 տոկոսով ավելի հաճախ, եթե հաշվի ենք առնում նաեւ նրանց, ովքեր սովորական ծխախոտ են ծխում կամ ենթարկվում են ծխախոտի ծխի ազդեցությանը։
Գիտնականների խոսքով՝ անկախ բնակության վայրից եւ ընտանի կենդանիների շփումից (այս գործոնները նույնպես կարող են թոքերի ինֆեկցիա առաջացնել)՝ բրոնխիտի ռիսկը էլեկտրոնային ծխախոտ ծխողների մոտ ամեն դեպքում ավելի մեծ է լինում։ Հատկապես տագնապալի է այն, որ անցյալում էլեկտրոնային ծխախոտ ծխած, բայց վաղուց թողած դեռահասներն ամեն դեպքում 41 տոկոսով ավելի հաճախ են բախվում բրոնխիտի ռիսկին։






