A*STAR's Genome Institute of Singapore-ի (GIS) եւ Institute of Molecular and Cell Biology-ի (IMCB) սինգապուրցի գիտնականները կարողացել են մաշկի բջիջներից արյան եւ իմունային բջիջներ ստեղծել: Արհեստական բջիջները ներմուծվել են մկներին եւ մի քանի ամիսների ընթացքում շրջանառվել նրանց օրգանիզմում: Նախորդ համանման փորձերի ընթացքում մեկանգամյա ներարկմամբ ներմուծված արհեստական բջիջների կենսունակության տեւողությունը մեկ-երկու շաբաթը չի գերազանցել:

Արյան եւ մաշկի բջիջները միմյանցից տարբերվում են բազմաթիվ հատկանիշներով, եւ դժվար է գտնել իրար առավել չնմանվող բջիջների տեսակներ: Մաշկի բջիջները վերածրագրավորելու եւ դրանք արյան բջիջների վերափոխելու համար գիտնականները դրանք ենթարկել են 4 տարբեր գործոնների համադրության ազդեցության, որոնք նորմայի մեջ առկա են արյան բջիջներում:

Հետազոտողներն այժմ նախատեսում են այս մեթոդը փորձարկել մարդու բջիջների վրա: Եթե նրանց դա հաջողվի, ապա կարեւոր փուլ կդառնա ռեգեներատիվ բժշկության զարգացման մեջ: Չենգ Հուեյը պարզաբանել է, որ այսկերպ ստեղծված բջիջները կարող են կիրառվել իմունային խանգարումներով կամ արյան փոխներարկման կարիք ունեցող հիվանդների բուժման մեջ: Դրանք անհրաժեշտ են վիրաբուժական միջամտություններ կատարելիս, որոնք ուղեկցվում են արյան մեծ կորստով, նաեւ քաղցկեղով կամ սակավարյունությամբ հիվանդների համար: Հիվանդներին կարող է ներարկվել ինչպես ամբողջական արյուն, այնպես էլ դրա բաղադրատարրեր, օրինակ՝ թրոմբոցիտներ կամ էրիտրոցիտային զանգված:

Սա առաջին հաջող փորձը չէ, որը կապված է բջիջների վերածրագրավորման հետ: Գիտնականներին վերջերս հաջողվել է մաշկի բջիջներից մկների գործունակ ձվաբջիջներ ստանալ, որոնց բեղմնավորումը հանգեցրել է առողջ ժառանգների ծննդին: