Northwestern University-ի գիտնականները խելացի սպեղանի են մշակել, որը կարող է վերլուծել մարդու քրտինքը սպորտով զբաղվելու ժամանակ։ Առողջական վիճակի մասին ստացված տեղեկությունը սպեղանին ուղարկում է պացիենտի սմարթֆոնին։ Այն արդեն փորձարկել են հեծանվորդների վրա, որոնք մասնակցել են Արիզոնայի նահանգում երկար հեծանվավազքին։
Այսօր քիչ չեն թեւնոցները, որոնցով կարելի է հսկել ծախսած կալորիաների քանակը, ֆիզիկական ակտիվության մակարդակը եւ սրտի զարկերը։ Փորձնական սպեղանին, սակայն, շատ ավելի լավն է, քան այդ թեւնոցները։ Այն, օրինակ, կարող է նախազգուշացնող ազդանշան ուղարկել, որ վտանգավոր ջրազրկումից առաջ պետք է լրացնել էլեկտրոլիտների բալանսը։ Սպեղանին նաեւ կհետեւի, թե ինչպես է օրգանիզմն արձագանքում մարզումներին, ինչպես նաեւ կախտորոշի այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են մուկովիսցիդոզը եւ շաքարախտը։
Այդ ճկվող սպեղանու փոքր ալիքները հավաքում են մարդու քրտինքի գոլորշին եւ դրան բաշխում տարբեր բաժիններում, որտեղ նրանք շփման մեջ են մտնում քիմիական նյութերի հետ, փոխում գույնը՝ ստացված արդյունքներից կախված։ Այդ նյութերն արձագանքում են թթվայնության մակարդակին, քլորի, շաքարի եւ լակտատի խտությանը։ Բավական է սմարթֆոնը մոտեցնել սպեղանուն, եւ բջջային հավելվածը վերծանում է ինֆորմացիան ու շատ օգտակար ինֆորմացիա է տալիս դրա տիրոջ առողջական վիճակի մասին։
Դեռեւս տեղեկություններ չկան, թե երբ այն կհայտնվի վաճառքում։






