Անողնաշարավորները 1445 վիրուսների փոխանցողներ են, որոնց մի մասը մինչեւ հիմա ուսումնասիրված չեն: Դրանք հայտնաբերել են Ավստրալիայից եւ Չինաստանից գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում:
Աշխատանքի հեղինակներից պրոֆեսոր Էդվարդ Հոլմսը հայտարարել է, որ այս բացահայտումն ամբողջությամբ փոխում է վարակաբանության մասին գիտնականների պատկերացումները: Հիմա նրանք ենթադրում են, որ միջատները, սարդերն ու որդերը վիրուսներ փոխանցողներ են եղել միլիարդավոր տարիներ, այլ ոչ թե միլիոնավոր, ինչպես նախկինում էր համարվում:
«Զարմանալի է, որ միջատներն այդքան մեծ քանակությամբ վիրուսներ են կրում: Մինչեւ հիմա ոչ ոք չէր մտածում անգամ ուսումնասիրել դրանք, քանի որ վարակի դեպքեր չէին արձանագրվել»,- նշել է Հոլմսը:
Նրա խոսքով՝ հետազոտության ընթացքում միանգամայն նոր տեխնոլոգիաներ են կիրառվել, որոնք օգտագործվում են նաեւ մարդու հիվանդությունների պատճառները բացահայտելու համար: Պարզվել է, որ անողնաշարավորները վաղուց հայտնի վիրուսների փոխանցողներ են, այդ թվում՝ գրիպի:
Միաժամանակ, մասնագետները նշել են, որ հետազոտությունը մարդկանց չպետք է ստիպի վախենալ անողնաշարավորներից: Նրանց խոսքով՝ մարդու համար բավական դժվար է վարակվել միջատներից:






