Հարավային Աֆրիկայից հոգեւորական Լետեբո Ռաբալագոն իրեն մարգարե է հռչակել եւ մարդկանց հիվանդությունները «բուժում է» «Doom» անվանումով (անգլերենից թարգմանաբար՝ «ճակատագրական ավարտ») միջատների դեմ նյութի օգնությամբ: Հոգեւորականը վստահ է, որ Աստծուն հավատալու հետ միասին այդ միջոցը կարող է քաղցկեղ եւ ՄԻԱՎ բուժել: Նրա խոսքով՝ մոլորակի բոլոր բնակիչներն Աստծուն են պատկանում, եւ տարբերություն չկա, թե ինչ ես օգտագործում որպես դեղամիջոց:

Տարօրինակ հոգեւորականի մասին առաջինն իմացել են Facebook սոցիալական ցանցի օգտատերերը, որտեղ Լետեբո Ռաբալագոն լուսանկարներ է տեղադրել, որոնցում երեւում է, թե ինչպես է միջատների դեմ նյութը ցողում մարդկանց մերկ մաշկին, այդ թվում՝ դեմքին: Հոգեւորականի խոսքով՝ մի կնոջ այդ նյութն ազատել է որովայնում ցավերից, որոնք չեն դադարել 2014 թվականից ի վեր՝ ծննդաբերությունից հետո, նաեւ աչքերի հիվանդություն է բուժել:

Doom արտադրող ընկերության ներկայացուցիչներն արդեն փորձել են կապ հաստատել Ռագալագոյի հետ եւ կոչ արել դադարեցնել արտադրանքը ոչ նպատակային օգտագործել: Նրանց խոսքով՝ ընկերությունը դեմ է միջատների դեմ միջոցի նման կիրառմանը, քանի որ այն վտանգավոր է մարդկանց համար, ինչի մասին մանրամասն նշված է փաթեթի վրա:

Շրջանի կառավարությունը հետաքննություն է սկսել ինչպես Ռաբագալոյի, այնպես էլ մյուս հոգեւորականների գործողությունների առիթով, քանի որ ռեպելենտի օգնությամբ «բուժումը» կրոնական գործիչների տարօրինակ վարքագծի միակ դեպքը չէ: Այսպես, 2014 թվականին Լեսեգո Դանիելն իր հոտին ստիպել է բենզին խմել եւ խոտ ու ծաղիկներ ուտել, իսկ 2015-ին Պենուել Մնգունին մարդկանց քարերով է կերակրել՝ պնդելով, որ ստամոքսում դրանք հացի կվերածվեն, եւ օձերով ու առնետներով՝ վստահեցնելով, որ դրանք շոկոլադ են: