Հարավային Աֆրիկայում մեկնարկում է 5400 տղամարդկանց եւ կանանց մասնակցությամբ ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութի խոշոր փորձարկում: HVTN 702 անվանումն ստացած հետազոտությունը կդառնա ՄԻԱՎ պատվաստանյութի բոլոր փորձարկումներից ամենախոշորը, որը երբեւէ անցկացվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում: Փորձարկումները կանցկացվեն երկրի 15 շրջաններում, դրանց արդյունքների մասին հայտնի կդառնա 2020 թվականին:
ՀԱՀ-ում ամեն տարի ՄԻԱՎ-ով 1000 մարդ է վարակվում, իսկ 2014 թվականին վիրուսով է վարակվել մոտ 2,4 մլն մարդ: Ալերգիկ եւ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին նշել է, որ նույնիսկ չափավոր արդյունավետ պատվաստանյութը կարող է էականորեն նվազեցնել ՄԻԱՎ ինֆեկցիայով հիվանդացածությունը:
2009 թվականին ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութի փորձարկումներ են անցկացվել Թաիլանդում: Հետազոտության մասնակիցների դիտարկումները շարունակվել են պատվաստանյութը ներարկելուց հետո 3,5 տարվա ընթացքում: Այդ ժամանակ պարզվել է, որ դրա արդյունավետությունը 31 տոկոս է կազմել: Այժմ Հարավային Աֆրիկայում կփորձարկեն պատվաստանյութի մոդիֆիկացված, բարելավված տարբերակը: Պատվաստման կարգը եւս փոխվել է, ինչը նույնպես դրա արդյունավետությունը պետք է բարձրացնի:
Հետազոտության շրջանակներում կամավորներին կներարկվի երկու փորձնական պատվաստանյութ՝ ALVAC-HIV (Sanofi Pasteur) պատվաստանյութը, որն ստեղծվել է դեղձանիկների ծաղիկի վիրուսի հիման վրա, որի գենոմում ՄԻԱՎ-ի սպիտակուցը կոդավորող երեք գեն կա, ինչպես նաեւ երկկոմպոնենտ եզակի պատվաստանյութ, որը պարունակում է gp120 մակերեսային վիրուսային սպիտակուց եւ իմունային պատասխանն ուժգնացնող (GSK) ադյուվանտ:
Կամավորների մի մասը պլացեբո կստանա, իսկ մյուսներին կներարկվի այս պատվաստանյութերից մեկը: Մեկ տարվա ընթացքում նրանց 5 ներարկում կկատարվի: Բոլոր մասնակիցները կգտնվեն մասնագետների ակնդետ հսկողության ներքո, պատվաստանյութից բացի՝ ՄԻԱՎ-ի վարակումը կանխելու նպատակով նրանց կառաջարկվեն ստանդարտ միջոցներ: Եթե հետազոտության ընթացքում նրանք ՄԻԱՎ ինֆեկցիայով վարակվեն, նրանց անհրաժեշտ բուժում կնշանակվի, նաեւ կներկայացվեն զգուշավորության միջոցառումները, որոնք կնազեցնեն վիրուսն ուրիշ մարդկանց փոխանցելու հավանականությունը:






