Արյան նոր անալիզը կարող է մոտակա 5 տարվա համար կանխորոշել մահանալու հավանականությունը։ Ոչ մի անալիզ, իհարկե, չի կարող կանխատեսել պատահական գործոններից մահացության հավանականությունը, օրինակ, ավիաաղետից, սակայն այս թեստը կարող է շատ ճշգրտորեն նշել քաղցկեղից, սրտի իշեմիկ եւ այլ հիվանդություններից մահանալու ռիսկը։
Անալիզը հիմնված է միջին տարիքի մարդկանց արյան մեջ ինտերլեյկին 6-ի խտությունը որոշելու վրա։ University College London–ի գիտնականները պարզաբանում են, որ այդ բիոմարկերն օգտագործելը թույլ է տալիս ավելի հստակ կանխատեսել, քան թթվային գլիկոպրոտեին ալֆա-1–ի (AGP) օգտագործումը, որը նույնպես օգտագործվում է նման թեստերում։
Թեստի արդյունավետությունը գնահատվում է 1997-1999 թ.թ. 45-69 տարեկան 6500 տղամարդկանց եւ կանանց մասին հավաքած տվյալներով։ Մասնակիցներին ուսումնասիրել են մինչեւ 2015 թվականը։ Նրանց կյանքի տեւողությունը կապել են արյան մեջ այնպիսի բորբոքային սպիտակուցների առկայության հետ, ինչպիսին AGP–ն է, ինտերլեյկին 6-ը, С ռեակտիվ սպիտակուցը։
Գիտնականները պարզել են, որ ինտերլեյկին 6-ը ավելի կարեւոր մարկեր է, քան AGP–ն։ Այն ավելի շատ կապված է սրտի հիվանդությունների հետ։ Գիտնականները, սակայն, դեռեւս չեն պարզել, թե օգնում է դա արդյոք իջեցնել բորբոքման մակարդակնը, նվազեցնել բորբոքային մարկերների խտությունը, պակասեցնել սրտանոթային հիվանդությունների զարգացման եւ դրանց հետեւանքով մահանալու ռիսկը։
Մահվան ռիսկը կանխորոշող թեստեր ստեղծելու փորձերն առաջին անգամ չեն ձեռնարկվում։ Արդեն կա վաղաժամ մահը թքի միջոցով կանխատեսելու մեթոդիկա։ Դա ենթադրում է չափել թքի մեջ իմունոգլոբուլին Ա–ի քանակը։ Մեկ այլ մոտեցմամբ առաջարկում են հատուկ հաշվիչներ ստեղծել, որոնք հաշվի են առնում տարբեր գործոններ, այդ թվում՝ ծննդյան թիվը, տարիքը եւ սեռը, եւ կանխատեսում անել տարբեր տարիքի մարդկանց մահվան պատճառների մասին։






