Գրեթե 5 տարի առաջ 63-ամյա Էվանս Ուիլսոնի մոտ թոքի ֆիբրոզ է ախտորոշվել: Չնայած մահացու ծանր հիվանդությանը, տղամարդը վերջերս կարողացել է 11 ժամում հաղթահարել մարաթոնյան վազքը:
Մինչեւ բժիշկներին դիմելը Էվանսը վազքով է զբաղվել: Նրան անհանգստացնող ախտանշանը շնչահեղձությունն էր, որը երեւան էր գալիս անգամ առանց ինտենսիվ ծանրաբեռնվածության: Թոքի ֆիբրոզի դեպքում թոքերի հյուսվածքը սկսում է փոխարինվել շարակցական հյուսվածքով, եւ հիվանդության զարգացմանը զուգահեռ շնչելն ավելի է դժվարանում: Առայժմ ճշգրիտ հայտնի չէ, թե ինչու է թոքի ֆիբրոզն առաջանում. հնարավոր պատճառների թվում են շրջակա միջավայրի բացասական ազդեցությունը եւ օդի աղտոտվածությունը, ինչպես նաեւ գենետիկ հակվածությունը: Թոքի ֆիբրոզի բուժման միակ միջոցը թոքի փոխպատվաստումն է:
Երբ բժիշկները բոլոր անհրաժեշտ հետազոտությունները կատարելուց հետո հաստատել են ցավալի ապտորոշումը, կանխատեսել են, որ տղամարդը կապրի 3 տարուց ոչ ավելի՝ այդքան է հիվանդների ողջ մնալու միջին տեւողությունը:
Հիմա Էվանսը գործնականում չի բաժանվում թթվածնի բալոնով թթվածնային դիմակից: Նա, սակայն, իրեն երջանիկ է համարում, քանի որ ոչ թե երեք տարի է ապրել, այլ արդեն ավելի քան 5 տարի: Իսկ հանրության ուշադրությունը թոքի ֆիբրոզի խնդրի հանդեպ գրավելու համար, նա գրանցվել էր Սիեթլում անցկացվող մարաթոնին մասնակցելու համար:
Էվանսը պլանավորել էր 42-կիլոմետրանոց տարածությունը 14 ժամում անցնել, սակայն մյուս վազորդներից մեկ ժամ վաղ է մեկնարկել: 9,5 կմ նշաձողին հասնելիս նա դեռեւս առաջատարների թվում էր՝ առաջ անցնելով հայտնի վազորդներին: Նրան հաջողվել է տարածությունը հաղթահարել ընդամենը 11 ժամում, այսինքն՝ 3 ժամով ավելի արագ, քան ինքն էր նախատեսել: Նրա հետ միասին մեկնարկել էին նաեւ կինն ու մի կամավոր: Ամբողջ երթուղու ընթացքում Էվանսն իր հետ է կրել թթվածնի բալոնը:
Էվանսին աջակցող մարդիկ 50 հազար դոլար են նվիրաբերել, որոնք կտրամադրվեն թոքի ֆիբրոզի հետազոտությանը եւ դրա դեմ արդյունավետ բուժում գտնելուն:






