University of São Paulo-ի (Բրազիլիա) գիտնականները նոր թեստ են մշակել, որի օգնությամբ հնարավոր է ախտորոշել 416 զանազան վիրուսներ, որոնք հանդիպում են աշխարհի արեւադարձային շրջաններում: Թեստի հեղինակների խոսքով՝ այն կարելի է օգտագործել լաբորատորիաներում, որտեղ մասնագետները հետազոտում են համաճարակ առաջացնելուն ընդունակ վիրուսները:
Գիտնականների խմբի համակարգող պրոֆեսոր Վիկտոր Հուգո Ակվինոն նշել է, որ ամռան գալուն պես կմեծանա այն մարդկանց թիվը, ում մոտ կկասկածեն դենգե, Զիկա կամ չիկունգունյի վիրուսների առկայություն: Թեստավորման ավանդական մեթոդները երբեմն բավարար չեն ախտորոշման հաստատման եւ այն բանի համար, թե ժամանակի որոշակի հատվածում ինչ վիրուս է հատկապես շրջանառվում: Ակվինոյի կարծիքով՝ եթե այս նոր թեստն օգտագործվեր Զիկա տենդի համաճարակի սկզբին, հնարավոր է, որ հիվանդության տարածումը սահմանափակվեր այն տեղանքով, որտեղ այն սկսվել էր, քանի որ մինչեւ մասնագետները որոշել են, թե ինչ վիրուսի հետ գործ ունեն, հիվանդությունն արդեն մեծ թվով մարդկանց է ախտահարել:
Նոր թեստը ընկալում է ոչ միայն հանրահայտ վիրուսները, այլեւ այն վիրուսները, որոնք հազվադեպ են հանդիպում, քանի որ դրանք եւս կարող են համաճարակ հարուցել: Օրինակ՝ այդպիսի է Մայյարա վիրուսը՝ չիկունգունյիի «ազգականը» կամ Օրոպուչ վիրուսը: Թեստը որոշում է ոչ միայն հատվածոտանիների միջոցով (մոծակներ, տիզեր) փոխանցվող վիրուսները, այլ նաեւ ոչ մեծ կաթնասունների միջոցով (օրինակ՝ խանտա վիրուսը փոխանցվում է առնետների եւ մկների միջոցով): Պրոֆեսոր Ակվինոյի խոսքով՝ այլ վիրուսներ էլ կան, որոնք մարդկանց շրջանում դեռեւս ի հայտ չեն եկել:
Սարքը բաղկացած է վահանից, որը բաժանված է 8 ենթավահանների եւ պարունակում է 15 հազար վիրուսի նմուշ: Յուրաքանչյուր նմուշը նվազագույնը երեք անգամ կրկնվում է եւ կազմված է 60 նուկլեոտիդներից, որոնք ընդունակ են կապվելու որոշակի վիրուսի հետ: Այս թեստի ստեղծման համար բրազիլացի գիտնականներն օգտագործել են GenBank տվյալների բազան, որը պատկանում է ԱՄՆ-ի Բժշկական ազգային գրադարանին (United States National Library of Medicine): Եթե արյան նմուշը պարունակում է 416 վիրուսներից մեկը, որոնց հայտնաբերման ուղղությամբ է թեստը ծրագրավորված, այդ վիրուսի գենոմը որոշակի նուկլեոտիդային հերթագայությամբ մարկեր է ձեւավորում, որը հնարավոր կլինի տեսնել սքաների միջոցով՝ այնպիսի, ինչպիսին օգտագործվում է գեների էքսպրեսիայի անալիզի համար:
Թեստը բավական թանկ արժե, ուստի այն կօգտագործվի միայն ծայրահեղ դեպքերում, երբ ախատածնության որոշման սովորական մեթոդները չեն գործի: Թեստն արդեն թեստավորել են Սան Պաոլոյի համալսարանի լաբորատորիայի ունեցած վիրուսների 20 նմուշների օգտագործմամբ, եւ այն բավական արդյունավետ է եղել, այդ թվում՝ հիվանդի արյան մեջ միանգամից երկու վիրուս որոշելիս:






