Միայնակ, սոցիալապես մեկուսացած կանայք 40 տոկոսով ավելի հաճախ են բախվում կրծքի ինվազիվային քաղցկեղի ռեցիդիվին եւ 60 տոկոսով ավելի հաճախ են դրանից մահանում, քան նրանք, որոնք ընտանիք ունեն, շատ ընկերներ եւ սոցիալական ակտիվ կյանքով են ապրում: Այսպիսի եզրակացության են հանգել Kaiser Permanente ընկերության ուռուցքների բուժման բնագավառի փորձագետները:

Գրեթե 10 հազար հիվանդի մասնակցությամբ նրանց հետազոտությամբ պարզվել է, որ սոցիալական մեկուսացումը եւ մենակությունն առողջության եւ ծանր հիվանդությունները հաղթահարելու կանանց հնարավորությունների վրա իսկապես բացասաբար են անդրադառնում:

Իրականացված նախորդ հետազոտություններով եւս կապ է հայտնաբերվել սոցիալական կապերի ցածր մակարդակի եւ բարձր մահացության միջեւ: Սակայն նոր հետազոտությամբ առաջին անգամ է կատարվել կրծքի քաղցկեղով հիվանդ կանանց ճշտումը: Գիտնականները ուռուցք ունեցող կանանց հետեւել են ախտորոշելուց հետո 10,5 տարվա ընթացքում: Այս ժամանակահատվածում գրանցվել է կրծքի քաղցկեղի ռեցիդիվի 1448 դեպք, 1521 մահվան դեպք, որոնցից 990-ի պատճառը ուռուցքներն էին: Հիվանդության կրկնման ընդհանուր հավանականությունը կազմել է 16 տոկոս, իսկ կրծքի քաղցկեղից մահվան հավանականությունը՝ 11 տոկոս: Սակայն միայնակ կանանց հավանականությունը շոշափելիորեն ավելի բարձր է եղել:

Հետազոտողների կարծիքով՝ ցանկալի է, որ կրծքի քաղցկեղը հաղթահարած կանանց հետ աշխատող բժիշկներն իրենց հիվանդներին խորհուրդ տան ավելի ակտիվ սոցիալական կյանքով ապրել, մենակության մեջ չմնալ եւ ջանալ ընկերների ու ծանոթների հետ ավելի շատ շփվել: Նրանք պետք է կանանց բացատրեն, որ մենակությունն իսկապես մեծացնում է այդ նենգ հիվանդության վերադարձի եւ դրա հետեւանքով մահվան հավանականությունը: