Ալկոհոլիկ առնետների գլխուղեղը համարում է, որ սպիրտը լիարժեք «ուտելիք» է եւ նվազեցնում է սննդի մյուս տեսակների սպառումը, պնդում են Իլինոյսի համալսարանի նոր հետազոտության հեղինակները։ Դա բացատրում է, թե ինչու ալկոհոլիզմը չի հանգեցնում ճարպակալման՝ չնայած սպիրտը բարձր կալորիական է։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Pharmacology, Biochemistry and Behavior ամսագրում։
«Մեզ հետաքրքրում էր այն, թե ազդում է արդյոք ալկոհոլը ընդունվող կալորիաների քանակի վրա եւ հանգեցնում է արդյոք մարմնի զանգվածի փոփոխության։ Պարզվում է, որ դա տեղի չի ունենում, առնվազն՝ ինքնակամ խմող առնետների մոտ»,– ասում է հետազոտության հեղինակ Նու Չու Լյանը։
Նա զեկույցի համահեղինակների հետ ուսումնասիրել է առնետների վարքը, որոնց ընտրություն են առաջարկել՝ կամ սովորական ջուր կամ «առնետային օղի»՝ 20 կամ 30 տոկոս սպիրտի լուծույթ։
Որոշ ժամանակ անց կրծողների մեծ մասը սկսել է կախվածություն ունենալ ալկոհոլից։ Հետաքրքիր է, որ դրա օգտագործումը միջինում չի անդրադարձել առնետների էներգետիկ պաշարների վրա. նրանք սպառել են նույնքան կալորիա, որքան նախկինում։ Դրա հաշվին նրանց քաշը չի փոխվել։ դա պայմանավորված է նաեի այն հանգամանքով, որ նարնց օգտագործած սննդի քանակը նվազել է ալկոհոլի աճող քանակին համապատասխան։ Հետազոտության հեղինակները կարծում են, որ գլխուղեղն ու քաղցի ու հագեցվածության կենտրոններն ալկոհոլը «լիարժեք» ուտելիք են համարում, ոչ թե օտար մի բան։
Հետազոտության արդյունքները բացատրում են, թե ինչու մարդիկ չեն գիրակում մեծաքանակ ալկոհոլ օգտագործելու հետեւանքով։ Սակայն գիտնականները չգիտեն, թե ինչու նույն բանը չի գործում գարեջրի դեպքում։






