Վազքով կանոնավոր զբաղվելը կարող է նվազեցնել հոդերի բորբոքումների մակարդակը եւ պաշտպանել այնպիսի հիվանդություններից, ինչպիսին է օստեոարթրիտը: Այս մասին հայտնում են Brigham Young University-ի (ԱՄՆ) գիտնականները:

European Journal of Applied Physiology ամսագրում հրապարակված հետազոտության մեջ գիտնականները պարզաբանել են, որ վազքով զբաղվելու շնորհիվ ծնկային հոդերում կրճատվում է այն մոլեկուլների մակարդակը, որոնք բորբոքումներ են առաջացնում: Այսինքն՝ վազքը կարող է նվազեցնել հոդերի բորբոքումների մակարդակը:

Հետազոտության ընթացքում գիտնականները 18-ից մինչեւ 35 տարեկան առողջ տղամարդկանց եւ կանանց ծնկային հոդերի բորբոքային մարկերների քանակը համեմատել են վազքով զբաղվելուց առաջ եւ հետո: Նրանք հայտնաբերել են, որ յուրահատուկ մարկերները, որոնք փնտրում էին սինովալային հեղուկի նմուշներում (GM-CSF եւ IL-15 կոչվող երկու ցիտոկիններ), մարդու օրգանիզմում իրենց խտությունը նվազեցրել են վազքով 30 րոպե զբաղվելուց հետո: Երբ նույն հեղուկը վերցրել են այլ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից առաջ եւ հետո կամ դրա բացակայությամբ, բորբոքային մարկերների մակարդակը չի փոխվել:

Հետազոտությամբ ապացուցվել է, որ երիտասարդ առողջ մարդկանց շրջանում վազքով զբաղվելը հակաբորբոքային միջավայր է ստեղծում, որը կարող է օգտակար լինել հոդերի երկարաժամկետ առողջության տեսակետից: Փորձերի արդյունքները հաստատում են վազքի խոնդրոպրոտեկտորային ազդեցությունը, ինչը նշանակում է, որ ֆիզիկական ծանրաբեռնվածության այս տարատեսակը կարող է օգնել հոդերի՝ օստեոարթրիտի նման դեգեներատիվ հիվանդությունների կասեցմանը: