Աուտիզմով որոշ հիվանդների մոտ առաջանում են տագնապի խանգարումներ, որոնք, սակայն, դժվար է ախտորոշել, քանի որ այս խանգարումների ախտանիշերը նման են աուտիզմի ախտանիշերին: Եվ մի, եւ մյուս խանգարումն ունեցող երեխայի կյանքի որակն ավելի ցածր է, քան միայն աուտիզմով տառապողի, ուստի կարեւոր է տագնապի խանգարումների ժամանակին ախտորոշումը եւ դրանց բուժումը:
Drexel University-ի հետազոտող Քոնոր Քերնսը Anxiety Disorders Interview Schedule-ի հարցաշարին սեփական լրացում է ստեղծել: Այն անվանել են Kerns’ Autism Spectrum Addendum: Հեղինակն այն մշակել է 2014 թվականից եւ վերջերս թեստավորել է աուտիզմով եւ տագնապի խանգարման առկայությամբ 8-13 տարեկան 69 երեխաների վրա:
Kerns’ Autism Spectrum Addendum-ի միջոցով ստացված եզրակացությունները ստուգել են այլ մեթոդներով, որոնք օգտագործվում են տագնապի խանգարումները հայտնաբերելիս: Բոլոր ստուգումների արդյունքները համընկել են, այսպիսով՝ նոր հարցերն իսկապես կօգնեն աուտիզմով երեխաների շրջանում տագնապի խանգարումներն ախտորոշելիս:
Մասնագետի խոսքով՝ այս հիվանդությունների ախտանիշերն իսկապես դժվար է միմյանցից տարբերակել. օրինակ՝ այն, որ երեխան մարդկանցից խուսափում է, կարող է լինել եւ՛ աուտիզմի ախտանիշ (եթե նա պարզապես չի ցանկանում նրանց հետ շփվել), եւ՛ տագնապի խանգարման (եթե նա նրանցից վախենում է):






